Թվային ծառայության համար ճիշտ անվանում ընտրելը շատ կարևոր է: Դրա շնորհիվ օգտատերը հասկանում է ծառայության նպատակը և առցանց որոնման արդյունքում հեշտությամբ գտնում այն։

Ծառայությունների համար հաջողված անվանումներ ստեղծելու նպատակով․

  • ընտրեք բառեր, որոնք կիրառվում են օգտատերերի առօրյայում,  
  • հաշվի առեք օգտատերերի հետազոտությունների արդյունքները,
  • նկարագրեք ոչ թե տեխնոլոգիան, այլ ծառայության նպատակը,
  • ընտրեք անվանում, որը փոխելու կարիք չի առաջանա տեխնոլոգիայի փոփոխության պարագայում,
  • կիրառեք գործողություն արտահայտող բառեր,
  • խուսափեք պետական մարմինների, կազմակերպությունների կամ կոնկրետ պրոդուկտի անվանումներն օգտագործելուց։

Հաջողված օրինակներ

  • «Ստանալ անձնագիր»
  • «Ստանալ հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք»
  • «Դիմել եկամտային հարկի վերադարձի համար»
  • «Գտնել աշխատանք»

Թվային ծառայությունների անվանման վատ օրինակ է «Էլ․ վճարման համակարգ»-ը, քանի որ այն թվային պրոդուկտի անվանումն է նկարագրում և կարող է անհասկանալի լինել օգտատերերին։ Առավել նպատակահարմար կարող է լինել «Առցանց վճարել պետական ծառայությունների համար» անվանումը, քանի որ ընդգրկում է գործողություն նշող բառ և նկարագրում է, թե ինչ է անելու օգտատերն այդ ծառայության միջոցով։