«Սքրամ» (Scrum)
«Սքրամ»-ը աշխատանքների կազմակերպման ամենակիրառական մեթոդներից է։ Այն թույլ է տալիս մշակել աշխատանքին հարմարեցված մոդել՝ հստակ սահմանված դերերով և գործառույթներով:
Այս մոտեցման դեպքում աշխատանքը բաժանվում է ֆիքսված ժամանակահատվածների, որոնք կոչվում են սպրինտներ (sprints) և սովորաբար տևում են 2-4 շաբաթ: Յուրաքանչյուր սպրինտը բնութագրվում է թիմի սերտ համագործակցությամբ և կարճ ժամանակահատվածներում շոշափելի արդյունքների ապահովմամբ։
Այս մեթոդի առանձնահատկություններն առավել մանրամասն նկարագրված են «Սքրամ»-ի ուղեցույցում, որի հեղինակները «Սքրամ»-ի հիմնադիր-մշակողներ Քեն Շվաբերն ու Ջեֆ Սազերլենդն են:
«Քանբան» (Kanban)
«Քանբան» մեթոդի կիրառության դեպքում համակարգերում ընթացիկ աշխատանքները ներկայացվում են առավել տեսանելի կերպով՝ հիմնվելով թիմի կարողությունների վրա։ «Սքրամ» մեթոդի համեմատ՝ այն չի նախատեսում ժամանակային բաժանումներ։ Այս մեթոդը կենտրոնանում է շարունակական հոսքի և արդյունքների վրա՝ սահմանելով հստակ առաջնահերթություններ: Դա թույլ է տալիս՝
- հասնել արագ և կանխատեսելի արդյունքների,
- ծառայության գործարկման վաղ փուլերում ստանալ արձագանքներ և պարզել, թե որքանով է այն գոհացնում օգտատերերին։
Մեթոդի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ՝ «Քանբան» մեթոդի հակիրճ նախաբանը։
«Լին» (Lean)
Ծրագրային ապահովման մշակման «Լին» մեթոդը կենտրոնացած է տնտեսող գործընթացների ստեղծման վրա։ Այս մոտեցման նպատակն է մշտապես բարելավել աշխատանքների արդյունավետությունը, բացահայտել ու վերացնել այն գործընթացները, որոնք հավելյալ արժեք չեն ստեղծում։
«Լին» մեթոդի սկզբունքների նպատակն է թիմի ուշադրությունը կենտրոնացնել հետևյալի վրա՝
- ռեսուրսների խնայողություն,
- արագ արդյունքների ապահովում,
- գիտելիքների շարունակական կատարելագործում,
- որոշումների կայացում տվյալների և փաստերի հիման վրա։
Մեթոդին առնչվող ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ՝ The Lean Mindset, The Lean Startup:
Ընդունված մոտեցում է նաև աշխատելը ոչ թե միայն մեկ մեթոդով, այլ համադրելով մի քանիսը։ Դուք կարող եք յուրաքանչյուր մեթոդից ընտրել ձեր թիմի աշխատանքին հարմար գործիքներ և տեխնիկաներ՝ հիմնավորելով դրանց ընտրությունը և կիրառության նպատակը։
Ինչպե՞ս ընտրել աշխատանքային մեթոդ
Եթե ձեր թիմը նոր է սկսում աշխատել ճկուն մեթոդներով, ապա հարմար է կիրառել «Սքրամ»-ը։ Այն կլինի ամենաարդյունավետ մեթոդը, եթե դուք․
- մշակում եք նոր արտադրանք կամ ծառայություն,
- բարելավում եք արդեն գոյություն ունեցող արտադրանքի կամ ծառայության որակը,
- յուրաքանչյուր սպրինտում նոր բաղադրիչներ եք ավելացնում։
Ծառայությունը գործարկելիս հրատապ խնդիրներ առաջանալու պարագայում սպրինտներով աշխատելը կարող է սահմանափակել ձեզ։ Այդ դեպքում ցանկալի է անցնել «Քանբան»-ին, որն ավելի հոսքային է և գործընթացի վրա հիմնված։
Միաժամանակ կարող եք շարունակել «Սքրամ»-ի բազմաթիվ գործընթացների կիրառությունը, ինչպիսին են, օրինակ, ամենօրյա ստենդափ հանդիպումները (Ստենդափ հանդիպումների անցկացման մանրամասները կարող եք գտնել այստեղ․ նյութը ներկայացված է անգլերեն), ռետրոսպեկտիվները (retrospective meetings) և առաջընթացի կանոնավոր վերանայումները:
«Քանբան» մեթոդը օգտակար է կիրառել այն ժամանակ, երբ ձեր թիմին անհրաժեշտ է արագ արձագանքել փոփոխվող առաջնահերթություններին: Այն օգնում է թիմին՝
- հայտնաբերել գործընթացների խոչընդոտները,
- վերահսկել կատարված աշխատանքի ծավալը,
- կանխատեսել աշխատանքի արդյունքը՝ հիմք ընդունելով փաստացի արագությունը։
«Լին» մեթոդը թույլ է տալիս հնարավորինս արագ կենտրոնանալ: Այս մոտեցման գործիքներն ու տեխնիկաները հատկապես օգտակար են, երբ ձեր թիմն առաջին անգամ է բացահայտում օգտատերերի պահանջները և կայացնում է որոշումներ դրանց արձագանքելու վերաբերյալ: Այս մեթոդը կիրառելիս․
- կարևորվում են օգտատիրոջ կարիքները,
- կատարվելիք աշխատանքները պլանավորվում են նախապես,
- պարբերաբար ներկայացվում են աշխատանքի արդյունքները,
- անընդհատ բարելավվում է թիմի աշխատանքը,
- սխալները դիտարկվում են որպես սովորելու հնարավորություն։
Մեկնաբանություններ