Ի՞նչ է WCAG 2.1-ը

WCAG-ը հապավում է, որը թարգմանաբար նշանակում է «վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցներ (Web Content Accessibility Guidelines)»: Այն ստանդարտների ժողովածու է, որը ստեղծվել է ինտերնետ-տեխնոլոգիաների փորձագետների «W3C կոնսորցիում» միջազգային խմբի կողմից: Համարվում է համաշխարհային օրինակելի փորձ, որին պետք է հետևել բոլոր օգտատերերի համար մատչելի ծառայություններ և վեբ կայքեր ստեղծելիս:

Հապավմանը կցված 2.1 թիվը ցուցադրում է ուղեցույցների թարմացված տարբերակի հերթական համարը։ WCAG հապավման հետ գործածվում են նաև A, AA, AAA տառերի համադրությունները, օրինակ՝ WCAG 2.1 AA։ Այս տառերը ցույց են տալիս WCAG 2.1-ի ստանդարտներին կայքի համապատասխանության մակարդակը․

  • A մակարդակ․ համապատասխանելիության ամենացածր և պարզ մակարդակն է: Ապահովում է նվազագույն մատչելիություն և հաճախ հասանելիության բավարար մակարդակ չի կարող ապահովել:
  • AA մակարդակ․ համապատասխանելիության միջին մակարդակն է, որն առավել հաճախ է հանդիպում։ Խորհուրդ է տրվում կիրառել վեբ կայքերում ներկայացվող տեղեկատվության համար:
  • AAA մակարդակ․ հասանելիության ամենաբարձր և դժվար հասանելի մակարդակն է: Խորհուրդ չի տրվում ձգտել AAA-ին ամբողջական համապատասխանության, քանի որ այս մակարդակը ցանկացած բովանդակության դեպքում ապահովել հնարավոր չէ:

Հայաստանում թվային ծառայությունների ներկա իրավիճակը հաշվի առնելով՝ բոլոր թիմերին խորհուրդ ենք տալիս ապահովել համապատասխանության նվազագույնը AA մակարդակը` ստեղծելով հնարավորինս մատչելի բովանդակություն:

Այս ուղեցույցում մենք ընդգրկել ենք WCAG ստանդարտների կարևորագույն սկզբունքների հայերեն թարգմանությունը, իսկ բնագիրը կարող եք գտնել WCAG-ի վեբ կայքում։

WCAG 2.1-ի հիմնական սկզբունքները

WCAG 2.1-ն ունի 4 գլխավոր սկզբունք՝ 

  • ընկալելի,
  • գործարկելի,
  • հասկանալի,
  • հուսալի։

Կենտրոնանալով այս սկզբունքների վրա՝ դուք ապահովում եք վեբ բովանդակության մատչելիությունը օգտատերերին՝ անկախ այդ բովանդակությունից օգտվելու եղանակից։ Մասնավորապես՝ նրանք կարող են կիրառել՝

  • ստեղնաշար` մկնիկի փոխարեն,
  • էկրանընթերցիչ՝ բովանդակությունը բարձրաձայն «կարդալու» նպատակով,
  • էկրանի խոշորացույց՝ էկրանի որևէ մասը մեծացնելու նպատակով,
  • ձայնային հրամաններ՝ կայքում նավարկելու նպատակով,
  • դիտարկչի կարգավորումների փոփոխում՝  բովանդակությունը առավել ընթեռնելի դարձնելու նպատակով:

Ինչպե՞ս կիրառել WCAG 2.1 ուղեցույցները

Սկզբունքները կիրառեք ծառայության բոլոր բաղադրիչների համար՝ ներառյալ կոդը, բովանդակությունը, կայքի ֆունկցիոնալ մասը:

Ծառայության Բետա (նախնական հրապարակման) փուլից սկսած` դուք պետք է պարբերաբար իրականացնեք մատչելիության փորձարկումներ՝ ստուգելու համար կայքի դիզայնի, կոդի և բովանդակության համապատասխանությունը WCAG 2.1 AA մակարդակին: 

Բետայի գնահատումից առաջ անհրաժեշտ է իրականացնել նաև մատչելիության աուդիտ, որը կվկայի WCAG 2.1 AA մակարդակին թվային ծառայության համապատասխանության մասին:

Սկզբունք 1. Ընկալելի 

Համոզվեք, որ օգտատերերն իրենց հասանելի միջոցներով կարող են գտնել ծառայությունը և օգտվել դրանից: 

Դրա համար դուք պետք է կիրառեք՝  

  • ամփոփ ենթավերնագրեր` բացառելով երկար, բարդ բնորոշումները,
  • «մեկ միտք, մեկ պարբերություն» սկզբունքը (եթե առաջին իսկ բառերից բովանդակությունն ընկալելի չլինի օգտատիրոջը, նա կշրջանցի ցանկացած լրացուցիչ տեղեկատվություն),
  • ընդգծված հիմնաբառեր` գործածելով ինչպես հիպերտեքստային հղումներ, այնպես էլ տառատեսակների ոճեր և գույներ,
  • կետանշված ցանկեր (թվարկում են ցանկի այն տարրերը, որոնց համար որոշակի հերթականություն սահմանված չէ),
  • միևնույն տառատեսակը կայքի բոլոր բաժիններում, ինչպես սահմանված է պաշտոնական դիզայն-համակարգով,
  • չծանրաբեռնված տեքստեր՝ կայքի բովանդակությունը մատչելի լեզվով ներկայացնելու համար,
  • այլընտրանքային տեքստեր (Alt Text)՝ ոչ տեքստային բովանդակության համար (գրաֆիկական նյութերը պարտադիր պետք է ուղեկցվեն նկարագրական հասկանալի տեքստերով: Այլընտրանքային տեքստերը թույլ կտան օգտագործել նաև տեքստը խոսքի փոխակերպող սարքեր),
  • գունային հակադրություն տեքստի և ֆոնի միջև` կիրառելով համապատասխան գործիքներ (նյութերը ներկայացված են անգլերեն),
  • տեքստի չափը փոփոխելու հնարավորություն. պետք է հնարավոր լինի առանց օժանդակ տեխնոլոգիաների՝ դիտարկչի (browser) խոշորացման կոճակով տեքստը մեծացնել մինչև 200%՝ նախապես համոզվելով, որ կայքի ֆունկցիոնալությունը դրանից չի տուժի,
  • շրջված բուրգի մեթոդը` միտքը սկսելով եզրակացությունից (օրինակ՝ պարբերությունը սկսեք հետևյալ նախադասությամբ՝ «Հարկերի վերադարձի վերաբերյալ հարցումը կկատարվի 3-4 շաբաթվա ընթացքում», այնուհետև ներկայացրեք ողջ ընթացակարգը՝ ինչ է պետք անել հարցման հայտ ներկայացնելու համար),
  • աուդիո և վիդեո բովանդակությանը համազոր ենթագրեր (աուդիո և վիդեո նյութերը պարտադիր կերպով պետք է ուղեկցվեն հստակ տեքստերով և մեկնաբանություններով, հնարավորության դեպքում՝ նաև ժեստերի լեզվով):

Սահմանափակեք կամ բացառեք՝  

  • մասնագիտական բարդ լեզվով շարադրված տեքստերի ու եզրույթների կիրառությունը (կից ներկայացրեք նաև նկարագրական բացատրություն),
  • հայերենում քիչ գործածելի բառերի կիրառությունը (կից ներկայացրեք նաև նկարագրական բացատրություն),
  • հապավումների կիրառությունը (կից ներկայացրեք նաև նկարագրական բացատրություն),
  • հրահանգների ձևակերպումը՝ հղում կատարելով միայն վիզուալ բաղադրիչներին (օրինակ՝ «Սեղմեք կանաչ/կլոր կոճակը» հրահանգն օգտատիրոջը պետք է ուղղորդի դեպի իրեն անհրաժեշտ էջ, այնինչ հատուկ կարիքներ ունեցող օգտատերը կարող է դժվարություններ ունենալ՝ նման ձևակերպմամբ հրահանգը ընկալելու հետ կապված),
  • տեքստ պարունակող պատկերների կիրառությունը,
  • օտարալեզու բառերի կամ եզրույթների կիրառությունը (ներկայացրեք նաև հայերեն համարժեք կամ բացատրություն)։

Դուք պետք է՝

  • համոզվեք, որ բովանդակությունը կազմված է տրամաբանորեն և էկրանընթերցիչով կարող է հեշտորեն նավարկվել ու ընթերցվել,
  • համոզվեք, որ թվային ծառայությունն անխափան կերպով աշխատում է տարբեր սարքերի, էջերի դասավորվածության (հորիզոնական կամ ուղղահայաց) կամ տառատեսակների չափերի կիրառման դեպքում,
  • համոզվեք, որ ծառայությունն անխափան կերպով աշխատում է աջակցող տեխնոլոգիաներով, օրինակ՝ կարևոր մտքերը նշված են այնպես, որ էկրանընթերցիչը դրանք ավելի շուտ դիտարկի։ Օգտագործեք համապատասխան գծանշումներ յուրաքանչյուր տեսակի բովանդակության հստակ ներկայացման համար (օրինակ՝ ձևաթղթերի և աղյուսակների դեպքում)։

Սկզբունք 2. Գործարկելի 

Թվային ծառայությունն այս սկզբունքին համապատասխանեցնելու համար դուք պետք է վստահ լինեք, որ օգտատերերը կարող են օգտվել բովանդակությունից՝ անկախ նրանից, թե ինչ ձևով են նրանք փորձում դա անել (օրինակ՝ օգտագործելով ստեղնաշար կամ ձայնային հրամաններ):

Այս նպատակով ՝

  • համոզվեք, որ ծառայությունն անխափան կերպով աշխատում է միայն ստեղնաշար օգտագործող օգտատերերի համար,
  • մի օգտագործեք թարթող կամ լուսարձակող բովանդակություն կամ օգտատերերին անիմացիաներն անջատելու հնարավորություն տվեք,
  • տրամադրեք «տեսնել բովանդակությունը» հղում կամ դրան համազոր այլ միջոց,
  • էջերի և դրա առանձին հատվածների համար կիրառեք նկարագրական վերնագրեր,
  • համոզվեք, որ օգտատերը կարող է հեշտությամբ տեղաշարժվել բովանդակության մեջ,
  • օգտագործեք նկարագրական հղումներ, որոնց միջոցով օգտատերը կհասկանա` ուր է իրեն տանում տվյալ հղումը, կամ ինչ բովանդակություն է ներբեռնվում,
  • օգտագործեք իմաստալից վերնագրեր և պիտակներ (labels)` ապահովելով, որ կիրառված ցանկացած տարր առավելագույնս նման լինի ինտերֆեյսում (միջերես) օգտագործվող տարրերին, 
  • ստեղնաշար կիրառող օգտատերերին օգնեք տեսնել այն տարրը, որի վրա տվյալ պահին կենտրոնացած է մկնիկը (օրինակ՝ եզրագծելով ընտրված տարրը, փոփոխելով դրա գույնը և այլն․ սա անվանվում է «ակտիվ կենտրոնացում՝ active focus»),
  • օգտատերերից մկնիկի կիրառում կամ դինամիկ գործողություններ (օրինակ՝ էջ թերթել կամ կոճակ սեղմել) պահանջեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում կամ թույլ տվեք հրաժարվել դրանցից և այլ կերպ փոխազդել ինտերֆեյսի հետ,   
  • Թույլ տվեք հեշտորեն անջատել կամ փոփոխել ստեղնների համակցությունները (shortcut keys)։

Սկզբունք 3. Հասկանալի

Այս սկզբունքին համապատասխանելու համար թվային ծառայության բովանդակությունը և դրա աշխատանքը պետք է պարզ լինեն բոլորին:

Այս նպատակով դուք պետք է․

  • ապահովեք, որ ծառայության հնարավորությունները լինեն համահունչ և կանխատեսելի,
  • համոզվեք, որ առցանց ձևերի բոլոր դաշտերն ունեն տեսանելի և իմաստալից անվանումներ,
  • պարզեցնեք առցանց ձևերում օգտատերերի լրացրած տվյալներում սխալները տեսնելու և ուղղելու գործընթացը։

Սկզբունք 4. Հուսալի

Այս սկզբունքին համապատասխանելու նպատակով ծառայության բովանդակությունը պետք է հուսալի լինի տարբեր օգտատերերի համար (ներառյալ հնացած, ժամանակակից և նոր դիտարկիչներ (browsers) ու աջակցող տեխնոլոգիաներ գործածող օգտատերերին):

Այս նպատակով՝

  • օգտագործեք HTML, որպեսզի գործիքները՝ ներառյալ աջակցող տեխնոլոգիաները, ճշգրտորեն կարողանան մեկնաբանել և վերլուծել բովանդակությունը,
  • համոզվեք, որ աջակցող տեխնոլոգիաների համար հասկանալի է, թե ինչ նպատակ ունի ինտերֆեյսի յուրաքանչյուր բաղադրիչ, ինչ վիճակում է այն կամ ինչ փոփոխությունների է ենթարկվում,  
  • համոզվեք, որ կարգավիճակի մասին կարևոր հաղորդագրությունները ցուցադրվում են օգտատերերի համար տեսանելի ու պարզ եղանակով և կարող են աշխատել աջակցող տեխնոլոգիաներով։