Ինչո՞ւ է սա կարևոր

Օգտատերերը պետք է կարողանան հեշտությամբ գտնել իրենց անհրաժեշտ ծառայությունը և տեղեկատվությունը։ Նրանք այցելում են պետական կայքեր՝ կյանքի տարբեր իրավիճակներում որևէ գործողություն կատարելու նպատակով (թոշակ ստանալու համար դիմումի ներկայացում, հարկերի վերաբերյալ տեղեկատվության ստացում, ծննդյան գրանցում և այլն):

Որոշ դեպքերում օգտատերը հստակ գիտի, թե որ ծառայությունն է իրեն անհրաժեշտ, և ցանկանում է կայքում արագ գտնել այն։ Իսկ գտնելուց հետո նրա նպատակը դիմումը հնարավորինս արագ լրացնելն է։

Այլ դեպքերում օգտատերը կարող է չիմանալ, թե կոնկրետ որ ծառայությունն է իրեն անհրաժեշտ։ Նա կարող է օգնության կարիք ունենալ կյանքի որևէ իրադարձության հետ կապված գործընթացները հասկանալու հարցում (օրինակ՝ պարզելու համար, թե որոնք են Հայաստան մեքենա ներմուծելու հերթական քայլերը)։ 

Ուստի պետական մարմինները պետք է ապահովեն, որ կայքերում տեղեկատվությունը լինի հեշտ որոնելի և ներկայացվի հնարավորինս հակիրճ ու պարզ կերպով։

Ինչպե՞ս կիրառել

  • Կայքի «Ծառայություններ» բաժինը տեղադրեք մենյուի առաջին տեղում։
  • Ստեղծեք պարզ վեբ էջ՝ առցանց ծառայությունները պարզ և մատչելի ձևով ներկայացնելու համար։
  • Ծառայության համար մշակեք պարզ և հասկանալի անվանում։
  • Թվային ծառայությունները և ծառայությունների մենյուն տեխնիկապես առանձնացրեք պաշտոնական կայքից: Սա նշանակում է, որ թվային ծառայության համար կիրառվող տեխնոլոգիական հարթակը պետք է տարանջատված լինի պաշտոնական կայքից (այսինքն՝ չպետք է կիրառվեն միևնույն բազան, կոդը և դոմենը)։
  • Թվային ծառայություններն ու ուղեկցող տեղեկատվությունը պետք է հասանելի լինեն հայերեն, անգլերեն և ռուսերեն։
  • Յուրաքանչյուր ծառայություն պետք է ունենա իր եզակի հղումը և հասանելի լինի միայն այդ հղմամբ, օրինակ՝ passport.service.gov.am/հայտ։ Դա թույլ կտա անհատական հղումով ծառայությունը տեղադրել Ծառայությունների ազգային հարթակում:
  • Թվայնացման աշխատանքներն սկսելուց առաջ վերլուծեք ծառայության ամբողջ ընթացքը՝ իրականացնելով գործընթացների քարտեզագրում։
  • Գրեք իրատեսական և հստակ տեխնիկական առաջադրանքներ։

Գործիքներ և ձևանմուշներ