Ինչու՞ է սա կարևոր

Ամպային հոսթինգի ծառայությունները որոշ դեպքերում ավելի արդյունավետ են, քան սերվերային ավանդական համակարգերը, քանի որ՝ 

  • պետական ​​մարմինների համար սերվերների և սերվերային հզորությունների ձեռքբերումն այլևս կապիտալ ծախս չէ, որը պահանջում է կանոնավոր սպասարկում և ժամանակի ընթացքում փոխարինում։ Դա ավելի ճկուն գործառնական ծախս է, որն ըստ պահանջի կարող է աճել կամ նվազել,
  • ամպային հոսթինգի մատակարարներն աշխատում են միջազգային խիստ ստանդարտներին համապատասխան՝ ապահովելով անվտանգության բարձր մակարդակ,
  • ծրագրակազմը՝ որպես ծառայություն (SaaS – software as a service), ամենահայտնի արտադրանքներից շատերը հիմնված են ամպային լուծումների վրա: Դա նշանակում է, որ շատ դեպքերում կարելի է խուսափել հատուկ ծրագրավորված գործիքներից, ինչն ավելի արագ լուծում կարող է լինել։

Եթե դիտարկում եք ամպային լուծումների կիրառման տարբերակը, դուք պետք է շատ հստակ կերպով սահմանեք, թե որ տվյալներն է պետք հավաքել (իրականացնելով տվյալների դասակարգում), ինչպես և որտեղ են պահվում այդ տվյալները՝ չհակասելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին։

Ինչպե՞ս կիրառել

  • Տվյալների դասակարգումից և քարտեզագրումից հետո դիտարկեք առաջարկվող լուծումները կամ դրանց մի մասը ամպային հոսթինգում տեղակայելու կամ SaaS գործիքներ կիրառելու հնարավորությունը,
  • հնարավոր տարբերակները քննարկեք ՀՏՀԳ-ի կիբերանվտանգության թիմի և ԱԱԾ-ի հետ,
  • նկատի ունեցեք ամպային հոսթինգի՝ անվտանգության հավատարմագրում ունեցող մատակարարների առկայությունը,
  • կատարեք ամպային հոսթինգի ծախսերի նախահաշվարկ՝ ըստ ծառայության ակնկալվող ծավալների: Ծառայության մոտավոր գնի հաշվարկման նպատակով նախքան մրցույթը կարող եք խորհրդակցել ամպային հոսթինգի մատակարարների հետ: ՀՀ մասնավոր հատվածում ծրագրային ապահովման կազմակերպությունների մեծ մասն արդեն ունի ամպային հոսթինգով աշխատելու փորձառություն: Ձեր կազմակերպությունը կարող է կիրառել նաև նրանց փորձը,
  • գնահատեք արդեն գործարկված ծառայություններն ամպային հոսթինգի տիրույթ տեղափոխելու ծախսարդյունավետությունը։

«Ամպայինն առաջինը» քաղաքականությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի «Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին» N 884-Լ որոշմամբ։

Գործիքներ և ձևանմուշներ

Ձեռք բերվող ծառայության տեխնիկական առաջադրանքում ներառվող տեքստեր՝ թվայնացման ստանդարտների պահանջներին համապատասխանելու համար