Ինչո՞ւ է սա կարևոր

Թվային ծառայության նախագծումը երբեք չի կարելի համարել ամբողջովին ավարտված։ Այն պետք է մշտապես բարելավել՝ հիմնվելով օգտատերերի կարիքների վրա։

Բարելավումների իրականացումը ճկուն մոտեցմամբ թույլ է տալիս թվային ծառայությունը օգտատերերին հանձնել հնարավորինս վաղ փուլում ու  պարբերաբար վերանայել այն։ 

Հաշվի առեք, որ ծառայության պարբերական բարելավումներն ավելին են, քան հիմնական տեխնիկական սպասարկումը (կոդային սխալների ուղղում, անվտանգային բարելավումներ և այլն): Դրանք թույլ են տալիս հիմնավոր կերպով լուծել ծառայության խնդիրները, մշտապես արձագանքել օգտատերերի կարիքներին ու տեխնոլոգիայի կամ պետական քաղաքականության փոփոխություններին:

Ինչպե՞ս կիրառել

  • Հնարավորինս շուտ գործարկեք ծառայությունը, ապահովեք հետադարձ կապը օգտատերերի հետ, լսեք ու կարևորեք նրանց արձագանքները, 
  • ստացված կարծիքների հիման վրա բարելավեք ծառայությունը՝ այն դարձնելով օգտատերերի համար հնարավորինս հարմարավետ,
  • պարբերաբար կրկնեք այդ գործընթացը՝ ծառայության նախագծման և գործարկման յուրաքանչյուր փուլում օգտատերերի գոհունակության բարձր մակարդակն ապահովելու համար,
  • մշտապես հաշվարկեք ծառայության որակի գնահատման 4 հիմնարար ցուցանիշները՝ վերլուծելով ստացված արդյունքները և ձեռնարկելով դրանց բարելավմանն ուղղված միջոցներ,
  • իրականացրեք փոփոխությունների մոնիթորինգ՝ հիմնվելով ծառայության որակի գնահատման ցուցանիշների վրա,
  • բացահայտեք ձեր թիմի  աշխատանքին առնչվող խնդիրները (առանձին անհատների մոտ առաջած հարցեր կամ խոչընդոտող հանգամանքներ): Դա կնպաստի ծառայության որակի բարձրացմանը և թույլ կտա խնայել ժամանակ, ջանքեր ու միջոցներ,
  • բացահայտեք ծառայության այն բաղադրիչները, որոնք բարելավման կարիք ունեն։ Սա իրականացնելու համար խոսեք ձեր թիմի հետ՝ ամենօրյա կամ հետահայաց հանդիպումների ձևաչափերով, 
  • նկատի ունեցեք, որ ծառայությունը պետք է պարբերաբար փորձարկել, և պատրաստ եղեք դիմակայելու ձախողումներին։ Դրանք դիտարկեք որպես խնդիրների բացահայտման ու հետևություններ կատարելու հնարավորություն, 
  • թվային ծառայության թարմացումները կանոնավոր հրապարակումներով ներկայացրեք ղեկավար կամ շահագրգիռ կողմերին, ինչպես նաև օգտատերերին
  • ծառայությունը նախագծելիս հաշվի առեք դրա պարբերական բարելավումների հետ կապված ծախսերը ծառայության ողջ կենսացիկլի համար (3-5 տարվա կտրվածքով)՝ ներառյալ ծառայությունը սպասարկող թիմի աշխատավարձը։

Գործիքներ և ձևանմուշներ

Ձեռք բերվող ծառայության տեխնիկական առաջադրանքում ներառվող տեքստեր՝ թվայնացման ստանդարտների պահանջների բավարարման համար