Ինչո՞ւ է սա կարևոր

Մարդիկ ակնկալում են, որ թվային ծառայություններն աշխատելու են իրենց ծանոթ եղանակով՝ հիմք ընդունելով նախկին փորձառությունը։ Երբ թվային ծառայությունները տարբերվում են իրենց կառուցվածքով (օրինակ՝ էջերը տարբեր կերպ են կառուցված, մենյուն գտնվում է կայքի տարբեր մասերում և այլն), ամեն անգամ օգտատերը ստիպված է լինում կրկին «սովորել» օգտվել որևէ նոր ծառայությունից։

Այս ամենը վատնում է օգտատիրոջ ժամանակը և ազդում պետության հանդեպ համընդհանուր վստահության ձևավորման վրա։ 

Չնայած այն հանգամանքին, որ պետական ծառայությունները մատուցվում են պետական տարբեր մարմինների կողմից՝ օգտատերը դրանք դիտարկում է որպես մեկ մարմին՝ պետություն:

Օրինակ՝ երբ օգտատերը տեղափոխվում է նոր տուն, նա իր գույքը պետք է գրանցի Կադաստրի կոմիտեում, իսկ հասցեն գրանցելու համար պետք է դիմի Ոստիկանություն։ Քանի որ օգտատիրոջ վերջնական նպատակը մեկն է, նա այս ողջ գործընթացը ընկալում է որպես մեկ ծառայություն՝ մատուցված մեկ մարմնի կողմից։

Այսպիսի ծառայությունների առցանց գործիքները պետք է լինեն հնարավորինս նման, աշխատեն միասնական կերպով և ապահովեն օգտատիրոջ որակյալ փորձառությունը՝ անկախ նրանից, թե պետական որ մարմինն է մատուցում տվյալ ծառայությունը։

Պետական մարմինները նաև պարտավոր են ապահովել թվային ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը հասարակության բոլոր խմբերին։ Դիզայնի ստանդարտացված մոտեցման կիրառումը կօգնի թիմերին ստեղծել մատչելի թվային ծառայություններ (առավել մանրամասն տեղեկությունները ներկայացված են թվայնացման 7-րդ սկզբունքում

Պաշտոնական դիզայն-համակարգի կիրառումը պարտադիր է ուղղակիորեն քաղաքացիներին մատուցվող ծառայությունների համար։ Պետական համակարգի ներքին գործառույթների ապահովման ծառայությունների դիզայնի ընտրության հարցում գերատեսչություններն ազատ են, այնուամենայնիվ նման դեպքերում ևս խորհուրդ է տրվում կիրառել «Հենակետ»-ի բաղադրիչները՝ ապահովելով միասնական մոտեցում բոլոր համակարգերի համար։

Ինչպե՞ս կիրառել

  • Նախագծվող ծառայության բոլոր էջերը, առցանց ձևերը, մենյուները և այլ տարրերը կազմելու համար կիրառեք «Հենակետ» պաշտոնական դիզայն-համակարգի բաղադրիչները։ 
  • Ծառայության էջերը, առցանց ձևերը և մենյուները կառուցելիս հետևեք նախապես սահմանված «Ձևանմուշներ»-ին։ Եթե տվյալ դեպքի համար ձևանմուշ առկա չէ, ծառայության էջը բոլոր դեպքերում պետք է կառուցվի «Հենակետ» պաշտոնական դիզայն-համակարգի բաղադրիչներով։

Պաշտոնական դիզայն-համակարգը պարբերաբար թարմացվում է և լրացվում նոր տարրերով ու ձևանմուշներով։ Հետևեք վերը ներկայացված հղումներին՝ նոր բաղադրիչներին ծանոթանալու և դրանք կիրառելու նպատակով։

ՀՏՀԳ-ի թիմը պատրաստ է աջակցելու ձեզ դիզայն-համակարգի ներդրման գործընթացում․ կապ հաստատեք մեզ հետ՝ ուղարկելով նամակ info@isaa.am էլ․հասցեին։

«Հենակետ» դիզայն-համակարգը ստեղծվել է ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային դիզայներական համայնքի ներկայացուցիչների հետ սերտ համագործակցության արդյունքում։

Գործիքներ և ձևանմուշներ