Բովանդակություն
Ինչո՞ւ է սա կարևոր
Հայաստանի թվային ճարտարապետության սկզբունքների պահպանման նպատակով թվային ծառայությունները պետք է լինեն համահունչ և աշխատեն միասնական մոտեցմամբ՝ դառնալով թվային փոխակերպման և բաց կառավարման կարևոր գործիքներ։
Ստանդարտ մոտեցումներով աշխատելու սկզբունքը ներդնելով ծրագրակազմերի, տվյալների և փաստաթղթային ձևաչափերի մշակման գործընթացներում՝ պետական մարմինները կկարողանան․
- ապահովել համակարգերի փոխգործելիությունը (interoperability),
- օգտագործել գոյություն ունեցող ծրագրակազմերը և ռեսուրսներ չծախսել արդեն լուծված տեխնիկական խնդիրները լուծելու վրա,
- նվազեցնել որևէ մատակարարից կամ տեխնոլոգիայից կախվածությունը, ինչն իր հերթին թույլ կտա իրավիճակի փոփոխության դեպքում արագ փոփոխել նաև ընդունված մոտեցումը,
- ապահովել հավասար մրցակցային միջավայր ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու մատակարարների համար։
Ինչպե՞ս կիրառել
Կարևոր է նկատի ունենալ, որ տեխնոլոգիաների ոլորտի ստանդարտները միայն կարգավորումներ կամ կանոններ չեն, և «ստանդարտ» եզրույթը կարող է կիրառվել նաև կոդերի պատրաստի և բազմակի օգտագործման բաղադրիչներ նշելիս։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը համատեղ մշակել են որոշ ստանդարտներ, որոնք պետք է կիրառվեն նոր ստեղծվող բոլոր ծառայությունների համար։
Դուք պետք է կիրառեք՝
- Տվյալների քարտեզագրման և դասակարգման մեթոդները թվային ծառայությունները նախագծելու ընթացքում,
- «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակը՝ օգտատերերին նույնականացնելու նպատակով,
- «Հենակետ» դիզայն-համակարգը և նրա ձևանմուշները դիզայնի ստեղծման ընթացքում,
- Փոխգործելիության հարթակը՝ տեղեկատվական համակարգերի միջև տվյալների փոխանակման նպատակով։
Այս էջը պարբերաբար կթարմացվի՝ համալրվելով ստեղծվող նոր ստանդարտներով ու մեթոդներով։
Մեկնաբանություններ