Բովանդակություն
Ի՞նչ է WCAG 2.1-ը
WCAG-ը հապավում է, որը թարգմանաբար նշանակում է «վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցներ (Web Content Accessibility Guidelines)»: Այն ստանդարտների ժողովածու է, որը ստեղծվել է ինտերնետ-տեխնոլոգիաների փորձագետների «W3C կոնսորցիում» միջազգային խմբի կողմից: Համարվում է համաշխարհային օրինակելի փորձ, որին պետք է հետևել բոլոր օգտատերերի համար մատչելի ծառայություններ և վեբ կայքեր ստեղծելիս:
Հապավմանը կցված 2.1 թիվը ցուցադրում է ուղեցույցների թարմացված տարբերակի հերթական համարը։ WCAG հապավման հետ գործածվում են նաև A, AA, AAA տառերի համադրությունները, օրինակ՝ WCAG 2.1 AA։ Այս տառերը ցույց են տալիս WCAG 2.1-ի ստանդարտներին կայքի համապատասխանության մակարդակը․
- A մակարդակ․ համապատասխանելիության ամենացածր և պարզ մակարդակն է: Ապահովում է նվազագույն մատչելիություն և հաճախ հասանելիության բավարար մակարդակ չի կարող ապահովել:
- AA մակարդակ․ համապատասխանելիության միջին մակարդակն է, որն առավել հաճախ է հանդիպում։ Խորհուրդ է տրվում կիրառել վեբ կայքերում ներկայացվող տեղեկատվության համար:
- AAA մակարդակ․ հասանելիության ամենաբարձր և դժվար հասանելի մակարդակն է: Խորհուրդ չի տրվում ձգտել AAA-ին ամբողջական համապատասխանության, քանի որ այս մակարդակը ցանկացած բովանդակության դեպքում ապահովել հնարավոր չէ:
Հայաստանում թվային ծառայությունների ներկա իրավիճակը հաշվի առնելով՝ բոլոր թիմերին խորհուրդ ենք տալիս ապահովել համապատասխանության նվազագույնը AA մակարդակը` ստեղծելով հնարավորինս մատչելի բովանդակություն:
Այս ուղեցույցում մենք ընդգրկել ենք WCAG ստանդարտների կարևորագույն սկզբունքների հայերեն թարգմանությունը, իսկ բնագիրը կարող եք գտնել WCAG-ի վեբ կայքում։
WCAG 2.1-ի հիմնական սկզբունքները
WCAG 2.1-ն ունի 4 գլխավոր սկզբունք՝
- ընկալելի,
- գործարկելի,
- հասկանալի,
- հուսալի։
Կենտրոնանալով այս սկզբունքների վրա՝ դուք ապահովում եք վեբ բովանդակության մատչելիությունը օգտատերերին՝ անկախ այդ բովանդակությունից օգտվելու եղանակից։ Մասնավորապես՝ նրանք կարող են կիրառել՝
- ստեղնաշար` մկնիկի փոխարեն,
- էկրանընթերցիչ՝ բովանդակությունը բարձրաձայն «կարդալու» նպատակով,
- էկրանի խոշորացույց՝ էկրանի որևէ մասը մեծացնելու նպատակով,
- ձայնային հրամաններ՝ կայքում նավարկելու նպատակով,
- դիտարկչի կարգավորումների փոփոխում՝ բովանդակությունը առավել ընթեռնելի դարձնելու նպատակով:
Ինչպե՞ս կիրառել WCAG 2.1 ուղեցույցները
Սկզբունքները կիրառեք ծառայության բոլոր բաղադրիչների համար՝ ներառյալ կոդը, բովանդակությունը, կայքի ֆունկցիոնալ մասը:
Ծառայության Բետա (նախնական հրապարակման) փուլից սկսած` դուք պետք է պարբերաբար իրականացնեք մատչելիության փորձարկումներ՝ ստուգելու համար կայքի դիզայնի, կոդի և բովանդակության համապատասխանությունը WCAG 2.1 AA մակարդակին:
Բետայի գնահատումից առաջ անհրաժեշտ է իրականացնել նաև մատչելիության աուդիտ, որը կվկայի WCAG 2.1 AA մակարդակին թվային ծառայության համապատասխանության մասին:
Սկզբունք 1. Ընկալելի
Համոզվեք, որ օգտատերերն իրենց հասանելի միջոցներով կարող են գտնել ծառայությունը և օգտվել դրանից:
Դրա համար դուք պետք է կիրառեք՝
- ամփոփ ենթավերնագրեր` բացառելով երկար, բարդ բնորոշումները,
- «մեկ միտք, մեկ պարբերություն» սկզբունքը (եթե առաջին իսկ բառերից բովանդակությունն ընկալելի չլինի օգտատիրոջը, նա կշրջանցի ցանկացած լրացուցիչ տեղեկատվություն),
- ընդգծված հիմնաբառեր` գործածելով ինչպես հիպերտեքստային հղումներ, այնպես էլ տառատեսակների ոճեր և գույներ,
- կետանշված ցանկեր (թվարկում են ցանկի այն տարրերը, որոնց համար որոշակի հերթականություն սահմանված չէ),
- միևնույն տառատեսակը կայքի բոլոր բաժիններում, ինչպես սահմանված է պաշտոնական դիզայն-համակարգով,
- չծանրաբեռնված տեքստեր՝ կայքի բովանդակությունը մատչելի լեզվով ներկայացնելու համար,
- այլընտրանքային տեքստեր (Alt Text)՝ ոչ տեքստային բովանդակության համար (գրաֆիկական նյութերը պարտադիր պետք է ուղեկցվեն նկարագրական հասկանալի տեքստերով: Այլընտրանքային տեքստերը թույլ կտան օգտագործել նաև տեքստը խոսքի փոխակերպող սարքեր),
- գունային հակադրություն տեքստի և ֆոնի միջև` կիրառելով համապատասխան գործիքներ (նյութերը ներկայացված են անգլերեն),
- տեքստի չափը փոփոխելու հնարավորություն. պետք է հնարավոր լինի առանց օժանդակ տեխնոլոգիաների՝ դիտարկչի (browser) խոշորացման կոճակով տեքստը մեծացնել մինչև 200%՝ նախապես համոզվելով, որ կայքի ֆունկցիոնալությունը դրանից չի տուժի,
- շրջված բուրգի մեթոդը` միտքը սկսելով եզրակացությունից (օրինակ՝ պարբերությունը սկսեք հետևյալ նախադասությամբ՝ «Հարկերի վերադարձի վերաբերյալ հարցումը կկատարվի 3-4 շաբաթվա ընթացքում», այնուհետև ներկայացրեք ողջ ընթացակարգը՝ ինչ է պետք անել հարցման հայտ ներկայացնելու համար),
- աուդիո և վիդեո բովանդակությանը համազոր ենթագրեր (աուդիո և վիդեո նյութերը պարտադիր կերպով պետք է ուղեկցվեն հստակ տեքստերով և մեկնաբանություններով, հնարավորության դեպքում՝ նաև ժեստերի լեզվով):
Սահմանափակեք կամ բացառեք՝
- մասնագիտական բարդ լեզվով շարադրված տեքստերի ու եզրույթների կիրառությունը (կից ներկայացրեք նաև նկարագրական բացատրություն),
- հայերենում քիչ գործածելի բառերի կիրառությունը (կից ներկայացրեք նաև նկարագրական բացատրություն),
- հապավումների կիրառությունը (կից ներկայացրեք նաև նկարագրական բացատրություն),
- հրահանգների ձևակերպումը՝ հղում կատարելով միայն վիզուալ բաղադրիչներին (օրինակ՝ «Սեղմեք կանաչ/կլոր կոճակը» հրահանգն օգտատիրոջը պետք է ուղղորդի դեպի իրեն անհրաժեշտ էջ, այնինչ հատուկ կարիքներ ունեցող օգտատերը կարող է դժվարություններ ունենալ՝ նման ձևակերպմամբ հրահանգը ընկալելու հետ կապված),
- տեքստ պարունակող պատկերների կիրառությունը,
- օտարալեզու բառերի կամ եզրույթների կիրառությունը (ներկայացրեք նաև հայերեն համարժեք կամ բացատրություն)։
Դուք պետք է՝
- համոզվեք, որ բովանդակությունը կազմված է տրամաբանորեն և էկրանընթերցիչով կարող է հեշտորեն նավարկվել ու ընթերցվել,
- համոզվեք, որ թվային ծառայությունն անխափան կերպով աշխատում է տարբեր սարքերի, էջերի դասավորվածության (հորիզոնական կամ ուղղահայաց) կամ տառատեսակների չափերի կիրառման դեպքում,
- համոզվեք, որ ծառայությունն անխափան կերպով աշխատում է աջակցող տեխնոլոգիաներով, օրինակ՝ կարևոր մտքերը նշված են այնպես, որ էկրանընթերցիչը դրանք ավելի շուտ դիտարկի։ Օգտագործեք համապատասխան գծանշումներ յուրաքանչյուր տեսակի բովանդակության հստակ ներկայացման համար (օրինակ՝ ձևաթղթերի և աղյուսակների դեպքում)։
Սկզբունք 2. Գործարկելի
Թվային ծառայությունն այս սկզբունքին համապատասխանեցնելու համար դուք պետք է վստահ լինեք, որ օգտատերերը կարող են օգտվել բովանդակությունից՝ անկախ նրանից, թե ինչ ձևով են նրանք փորձում դա անել (օրինակ՝ օգտագործելով ստեղնաշար կամ ձայնային հրամաններ):
Այս նպատակով ՝
- համոզվեք, որ ծառայությունն անխափան կերպով աշխատում է միայն ստեղնաշար օգտագործող օգտատերերի համար,
- մի օգտագործեք թարթող կամ լուսարձակող բովանդակություն կամ օգտատերերին անիմացիաներն անջատելու հնարավորություն տվեք,
- տրամադրեք «տեսնել բովանդակությունը» հղում կամ դրան համազոր այլ միջոց,
- էջերի և դրա առանձին հատվածների համար կիրառեք նկարագրական վերնագրեր,
- համոզվեք, որ օգտատերը կարող է հեշտությամբ տեղաշարժվել բովանդակության մեջ,
- օգտագործեք նկարագրական հղումներ, որոնց միջոցով օգտատերը կհասկանա` ուր է իրեն տանում տվյալ հղումը, կամ ինչ բովանդակություն է ներբեռնվում,
- օգտագործեք իմաստալից վերնագրեր և պիտակներ (labels)` ապահովելով, որ կիրառված ցանկացած տարր առավելագույնս նման լինի ինտերֆեյսում (միջերես) օգտագործվող տարրերին,
- ստեղնաշար կիրառող օգտատերերին օգնեք տեսնել այն տարրը, որի վրա տվյալ պահին կենտրոնացած է մկնիկը (օրինակ՝ եզրագծելով ընտրված տարրը, փոփոխելով դրա գույնը և այլն․ սա անվանվում է «ակտիվ կենտրոնացում՝ active focus»),
- օգտատերերից մկնիկի կիրառում կամ դինամիկ գործողություններ (օրինակ՝ էջ թերթել կամ կոճակ սեղմել) պահանջեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում կամ թույլ տվեք հրաժարվել դրանցից և այլ կերպ փոխազդել ինտերֆեյսի հետ,
- Թույլ տվեք հեշտորեն անջատել կամ փոփոխել ստեղնների համակցությունները (shortcut keys)։
Սկզբունք 3. Հասկանալի
Այս սկզբունքին համապատասխանելու համար թվային ծառայության բովանդակությունը և դրա աշխատանքը պետք է պարզ լինեն բոլորին:
Այս նպատակով դուք պետք է․
- ապահովեք, որ ծառայության հնարավորությունները լինեն համահունչ և կանխատեսելի,
- համոզվեք, որ առցանց ձևերի բոլոր դաշտերն ունեն տեսանելի և իմաստալից անվանումներ,
- պարզեցնեք առցանց ձևերում օգտատերերի լրացրած տվյալներում սխալները տեսնելու և ուղղելու գործընթացը։
Սկզբունք 4. Հուսալի
Այս սկզբունքին համապատասխանելու նպատակով ծառայության բովանդակությունը պետք է հուսալի լինի տարբեր օգտատերերի համար (ներառյալ հնացած, ժամանակակից և նոր դիտարկիչներ (browsers) ու աջակցող տեխնոլոգիաներ գործածող օգտատերերին):
Այս նպատակով՝
- օգտագործեք HTML, որպեսզի գործիքները՝ ներառյալ աջակցող տեխնոլոգիաները, ճշգրտորեն կարողանան մեկնաբանել և վերլուծել բովանդակությունը,
- համոզվեք, որ աջակցող տեխնոլոգիաների համար հասկանալի է, թե ինչ նպատակ ունի ինտերֆեյսի յուրաքանչյուր բաղադրիչ, ինչ վիճակում է այն կամ ինչ փոփոխությունների է ենթարկվում,
- համոզվեք, որ կարգավիճակի մասին կարևոր հաղորդագրությունները ցուցադրվում են օգտատերերի համար տեսանելի ու պարզ եղանակով և կարող են աշխատել աջակցող տեխնոլոգիաներով։
Մեկնաբանություններ