Page contents:
Քայլ 1. Ներգրավեք մասնակիցների
Ինչպես ներկա գործընթացների քարտեզագրման պարագայում, այս դեպքում ևս առաջարկում ենք աշխատանքներն իրականացնել ինտերակտիվ եղանակով: Բարելավված գործընթացի քարտեզագրման աշխատանքներում կարող եք ներգրավել նաև ծրագրային ապահովման մատակարարներին, որպեսզի նրանք տեղեկացված լինեն՝ ինչպիսին է լինելու գործընթացը:
Քայլ 2. Սահմանեք գործընթացի սկիզբն ու ավարտը
Այս քայլում ևս պետք է կրկնել նույն գործողությունները, որոնք իրականացվում են ներկա գործընթացները քարտեզագրելիս․ աշխատանքները սկսեք գործընթացի ամբողջական շրջանակը սահմանելուց, այսինքն՝ նախանշեք նրա սկիզբը, ավարտը և գործընթացի այն բոլոր մասերը, որոնք դուք կարևորում եք:
Քայլ 3. Քարտեզագրեք նոր գործընթացի քայլերը
Այս քայլը կարող է բարդ լինել, քանի որ հաճախ ստիպված կլինեք պատկերացնել, թե ինչպիսին է լինելու բարելավված գործընթացը: Դրա համար որպես հիմք ընդունեք ներկա գործընթացի քարտեզը, սահմանեք հիմնական քայլերը, այնուհետև շարունակեք քարտեզագրումը հետևյալ ուղղություններով՝
- ներկա գործընթացում բացահայտված խնդիրների լուծում,
- գործընթացի իրականացման համար պահանջվող ժամանակի նվազեցում,
- օգտատիրոջ փորձառության առցանց կամ անցանց հատվածների բարելավում:
Այսպես, եթե պարզել եք, որ՝
- գործընթացի 2 քայլերի միջև սպասման ժամանակը շատ մեծ է, գուցե նպատակահարմար գտնեք հնարավորության դեպքում միավորել այդ քայլերը և ապահովել դրանց իրականացումը մեկ թիմի կողմից կամ մեկ գործառույթի շրջանակում,
- դիմումների մեծ մասը ներկայացվում է սխալներով, դիտարկեք դիմումի ստուգման ընթացքը բարելավելու կամ օգտատերերի հետ նախատիպի փորձարկումների իրականացման հնարավորությունը՝ օգնելով նրանց ավելի ճշգրտորեն լրացնել տեղեկատվությունը,
- թիմերը օգտատերերից հավաքում են տվյալներ, որոնք արդեն իսկ հասանելի են (օրինակ՝ բիզնես ռեգիստրում), դիտարկեք տեխնիկական բարելավումների կատարման հնարավորությունը, որոնց շնորհիվ տվյալներն անվտանգ կերպով անմիջապես կվերբեռնվեն բիզնես ռեգիստրից,
- գործընթացում առկա է հատված, որը պահանջվում է ոլորտը կարգավորող օրենսդրությամբ, սակայն կիրառական չէ, ապա մտածեք իրավական բարեփոխումներ առաջարկելու ուղղությամբ։
Քայլ 4. Արդյունքով կիսվեք թիմի անդամների հետ
Գործընթացի քարտեզագրումից հետո ստացված արդյունքներով կիսվեք թիմի անդամների հետ՝ հետադարձ կարծիք և մեկնաբանություններ ստանալու համար։ Հաշվի առեք, որ խնդիրները հեշտությամբ չեն լուծվում, ուստի կարևոր է հիշել, որ բարելավված գործընթացների քարտեզագրումը մշտական աշխատանք է:
Քարտեզագրման ուղղությամբ կատարված աշխատանքը օգտագործվելու է ծառայության նախագծեր կամ նախատիպեր ստեղծելու նպատակով: Սակայն հետագայում օգտատերերի հետ փորձարկումների արդյունքում կարող է բացահայտվել, որ նախատիպը չափազանց բարդ է կիրառման համար: Կարող են լինել նաև իրավական սահմանափակումներ, որոնք հնարավոր չէ փոփոխել:
Հետևաբար կարևոր է հիշել, որ գործընթացի քարտեզագրումը պետք է պարբերաբար վերանայվի ծառայության պատասխանատուի, ծրագրային ապահովման մատակարարի և աջակցող թիմերի կողմից՝ անընդհատ կատարելագործվելով և հարմարեցվելով օգտատերերի կարիքներին։
Ինչպե՞ս քարտեզագրել ներկա բիզնես-գործընթացները
Comments