Page contents:
Թվային ծառայություններ նախագծելիս օգտատերերի կարիքների բացահայտման փուլում արձանագրվում են մի շարք խնդիրներ, որոնց լուծումը նպաստելու է օգտատերերի փորձառության բարելավմանը։
Լուծվող խնդիրների հստակեցումից հետո անհրաժեշտ է մշակել բիզնես քեյս՝ ըստ «ծախս-ակնկալվող օգուտ» հարաբերակցության, որտեղ պետք է ներկայացվեն հնարավոր լուծումների այլընտրանքները, դրանց հիմնավորումը և իրագործման ճանապարհային քարտեզը։
Բիզնես քեյսը որոշում կայացնողներին տրամադրում է տեղեկություններ հնարավոր ռիսկերի, օգուտների և ծրագրի իրագործելիության վերաբերյալ։ Այն կարող է ունենալ տարբեր ծավալներ՝ կախված ծրագրի բնույթից և մասշտաբներից։
Փաստաթուղթը կազմելիս կարևոր է հաշվի առնել, որ դրա յուրաքանչյուր բաժնում տեղեկատվությունը պետք է ներկայացվի SMART ձևաչափով, ինչը նշանակում է, որ սահմանված նպատակները պետք է լինեն կոնկրետ (Specific), չափելի (Measurable), հասանելի (Achievable), համապատասխան (Relevant) և հստակ ժամանակագրությամբ (Time-limited)։
Օրինակ՝ ծառայության առցանց գործարքների մասնաչափը 4 ամսվա ընթացքում պետք է հասցվի 70%-ի, կամ օգտատերերի գոհունակության ցուցանիշը մեկ տարում պետք է մեծանա 20%-ով։
Ինչպե՞ս գրել բիզնես քեյս
Քայլ 1․ Հստակ սահմանեք լուծվող խնդիրը և թիրախային օգտատերերի խմբերը
Փաստաթուղթը նախ պետք է պարունակի տեղեկատվություն այն մասին, թե տվյալ բիզնես քեյսով ինչ խնդիր է լուծվում և ում համար։ Ծրագիրը չի կարող ինքնանպատակ լինել, այն պետք է բխի կազմակերպության բիզնես նպատակներից՝ համընկնելով նաև թիրախի ակնկալիքներին և պահանջներին։
Քայլ 2․ Դիտարկեք առկա այլընտրանքները
Ինչպե՞ս համոզվել, որ ձեր կողմից դիտարկվող ծրագիրը նկարագրված խնդրի լավագույն լուծումն է. դրա համար անհրաժեշտ է գնահատել այլընտրանքները։
- Բացահայտեք առկա այլընտրանքային լուծումները։
- Յուրաքանչյուր լուծման համար գնահատեք ակնկալվող օգուտները և ստեղծվող հավելյալ արժեքը։ Այդպիսին կարող են լինել ինչպես ֆինանսական խնայողությունները, այնպես էլ շահույթի ստացումը, քաղաքական ծրագերի իրագործումը և այլն։
- Կանխատեսեք յուրաքանչյուր լուծման ողջ կենսացիկլի ծախսերը՝ ներառյալ նախագծումը, գործարկումը, սպասարկումը և հետագա հնարավոր թարմացումները։ Ֆինանսական ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը ցանկալի է ներկայացնել մանրամասն հավելվածներով։
- Գնահատեք ծրագրի իրագործելիությունը, այսինքն՝ վերլուծեք դրա գործնականությունը տեխնիկական, տնտեսական, իրավական, գործառնական և ժամանակային իրագործելիության տեսանկյունից։
Քայլ 2․1․ Վերլուծեք այլընտրանքային լուծումներից յուրաքանչյուրի հետ կապված ռիսկերը
Լուծումներից յուրաքանչյուրի դեպքում առկա են բազմաթիվ ռիսկեր, որոնք կարող են ազդել ծրագրի վրա, և այդ ռիսկերը կարող են առաջանալ ծրագրի կենսացիկլի բոլոր փուլերում: Ուստի հնարավոր այլընտրանքներից ընտրություն կատարելու համար անհրաժեշտ է վերլուծել հնարավոր ռիսկերը և գնահատել դրանց կանխարգելմանը կամ մեղմացմանն ուղղված ծախսերը։
Քայլ 3․ Առաջարկեք նախընտրելի լուծումը
Վերը նկարագրված քայլերի իրականացումից հետո անհրաժեշտ է պատշաճ կերպով փաստաթղթավորել վերլուծության արդյունքները և հիմնավորել կոնկրետ այլընտրանքի ընտրությունը։
Լուծման հիմնավորումից հետո անհրաժեշտ է ներկայացնել նախագծի իրագործման ճանապարհային քարտեզը, դրա իրականացման նախատեսվող ժամկետները՝ ընդգծելով հիմնական գործառույթներն ու հաջորդական քայլերը։
Ճանապարհային քարտեզի կազմումը կուղղորդի դեպի լուծումներ, որոնք համահունչ են ինչպես օգտատերերի կարիքներին, այնպես էլ ծրագրի նպատակներին:
Կարևոր է հաշվի առնել, որ ճանապարհային քարտեզը միջգերատեսչական փաստաթուղթ է, ուստի հետագա գործողություններն ու գործառույթները պետք է սահմանվեն միասնական մոտեցմամբ և ներգրավված կողմերի հստակ նկարագրությամբ՝ գործառույթների ու պատասխանատվության հնարավոր համընկնումները բացառելու նպատակով։
Փաստաթղթի ամբողջական և մանրամասն ներկայացումն անչափ կարևոր է, քանի որ այն որոշում կայացնողներին տրամադրում է բավարար տեղեկատվություն հիմնավորված ընտրություն կատարելու համար: Լավ մշակված բիզնես քեյսն ու ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը թույլ են տալիս արդյունավետ կերպով բաշխել ռեսուրսները՝ գնահատելով ծախս-օգուտ հարաբերակցությունը, և նվազագույն ծախսերով հասնել առավելագույն արդյունքի։ Իսկ համապատասխանելով կազմակերպության և շահագրգիռ կողմերի գերակա նպատակներին՝ այդ փաստաթղթերը նպաստում են, որ յուրաքանչյուր նախաձեռնություն ծառայի ավելի մեծամասշտաբ առաքելության իրագործմանը։
Comments