Ներկայումս gov.am դոմեյնը պետական գերատեսչություններում միասնական կերպով չի կիրառվում: Դրա կիրառությունը կարևոր է, քանի որ այն․

  • օգտատերերին թույլ կտա համոզված լինել, որ ծառայությունը վստահելի է և չի կառավարվում այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որը կվտանգի տվյալների անվտանգությունը,
  • կօգնի հեշտությամբ գտնել ծառայությունները,
  • կնպաստի կայքի օպտիմալացմանը որոնողական համակարգերի համար՝ բարձրացնելով gov.am դոմեյնի վարկանիշը: 

Հաշվի առեք, որ կայքի բոլոր էջերի կարգավորումներում անհրաժեշտ է ներառել մետա տվյալներ (meta data), քանի որ հետազոտությունները ցույց են տալիս, որ օգտատերերի մեծ մասը պետական կայքեր հասնում է որոնողական համակարգերի միջոցով։

Մետա տվյալները պետք է հեշտությամբ ինդեքսավորվեն որոնողական համակարգերի կողմից և ներառեն օգտատերերի կողմից հաճախ օգտագործվող «բանալի բառեր»:

Ստորև ներկայացված է gov.am դոմեյնի կիրառման մի քանի սկզբունք, որոնց պահպանումը կնպաստի միասնական և վստահելի էջերի ստեղծմանը։

Սկզբունք 1. Օգտագործել gov.am ենթադոմեյնը նախարարության պաշտոնական կայքէջերի համար

Նախարարությունների պաշտոնական կայքէջերը պետք է տեղակայված լինեն gov.am ենթադոմեյնում՝ կիրառելով հետևյալ սկզբունքները.

  • Դոմեյնի համար պետք է ընտրել օգտատերերին հասկանալի «բանալի բառեր»։ Դա օգտատերերին թույլ կտա իմանալ՝ ինչ կայք են այցելում, պետական որ մարմնին է այն պատկանում։
  • Անհրաժշտ է խուսափել հապավումներից. դրանք  ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել։
  • Եթե նախարարությունը պատասխանատու է բազմաթիվ ոլորտների համար, ապա որպես դոմեյնի մաս անհրաժեշտ է ընտրել նրա անվանման առաջին կամ առավել ճանաչելի բառը։
  • Պետք չէ օգտագործել «Նախարարություն» բառը, քանի որ այն կբարդացնի դոմեյնը։
  • Բոլոր պետական մարմիններ պետք է օգտագործեն այս սկզբունքները՝ անկախ նրանից, թե որ կառույցին են ենթակա։
  • Կարող են լինել որոշ բացառություններ, օրինակ, անկախ մարմինների դեպքում։ Այդ բացառությունները պետք է փաստաթղթավորվեն, ինչպես նշված է Սկզբունք 6-ում:

Օրինակներ

  • Առողջապահության նախարարություն – health.gov.am
  • ՀՀ արդարադատության նախարարություն – justice.gov.am
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն – education.gov.am
  • ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն –  hightech.gov.am

Սկզբունք 2: Օգտագործել ենթադոմեյններ նախարարության կողմից ղեկավարվող նախագծերի կայքերի համար

Երբեմն անհրաժեշտ է լինում նախարարության համար ստեղծել գովազդային կամ ժամանակավոր էջեր՝ հատուկ նախագծերի իրականացման և կայքն ավելի հանրային դարձնելու նպատակով:

Օրինակ՝

  • Նախարարության իրականացրած միջոցառում՝ «Ներուժ» ծրագիր
  • Ավելի մեծամասշտաբ ամենամյա միջոցառում՝ «Ի գործ» ծրագիր

Վեբ կայքը մշակելիս պետք է համոզվել, որ այն որպես ենթադոմեյն ընդգրկվել է նախարարության վեբ կայքում:

Օրինակ՝

  • Neruzh.hightech.gov.am
  • Igorts.diaspora.gov.am

Սկզբունք 3: Ծառայությունների համար օգտագործել “service” ենթադոմեյնը

Առավել նպատակահարմար է ծառայությունները տեղակայել առանձին ենթադոմեյնում՝ դրանք ստատիկ կայքերից տարբերակելու համար։

Օրինակ՝

  • ՀՀ առողջապահության նախարարություն, Էլեկտրոնային առողջապահության համակարգ – services.health.gov.am
  • ՀՀ արդարադատության նախարարություն, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգ – services.justice.gov.am
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Կրթության էլեկտրոնային համակարգ – services.education.gov.am

Սկզբունք 4. Թվային ծառայության հղման վերջին հատվածը (alias) գրել համապատասխան լեզվով

Ինչպես սահմանված է թվայնացման 1-ին սկզբունքով, պետական մարմնի կայքում թվային ծառայությունը և ուղեկցող տեղեկատվությունը պետք է հասանելի լինեն հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Յուրաքանչյուր լեզվով էջի հղման alias-ը պետք է լինի համապատասխան լեզվով։

Օրինակ՝ պետական պատվերի հայտի էջը Առողջապահության նախարարության կայքում պետք է ունենա հետևյալ հղումները՝

Հայերեն կարգավորման դեպքում՝ services.health.gov.am/պետական-պատվերի-հայտ
Ռուսերեն կարգավորման դեպքում՝ services.health.gov.am/заявка-госзаказа

Անգլերեն կարգավորման դեպքում՝ services.health.gov.am/state-order-request

Այնուամենայնիվ, հայատառ հղումները որևէ այլ կայքում տեղադրելիս վերածվում են սիմվոլների անհասկանալի խմբի, ուստի առաջարկում ենք՝

  • Հղումը որևէ էջում ցուցադրելուց առաջ այն անցկացնել հատուկ գործիքով, որը սիմվոլները կվերածի հայերեն տեքստի, օրինակ՝
Մինչև գործիքի կիրառումը https://standards.hightech.gov.am/2-%d5%a9%d5%ab%d5%b4%d5%ab-%d5%b1%d6%87%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%b4/
Գործիքի կիրառումից հետոhttps://standards.hightech.gov.am/2-թիմի-ձևավորում
  • տեխնիկական խնդիրներ ունենալու դեպքում alias-ը գրել լատինատառ՝ օգտատերերի համար հնարավորինս հասկանալի ձևով, օրինակ՝ services.health.gov.am/petakan-patveri-hayt

Սկզբունք 5. Օգտագործել gov.am ենթադոմեյնը էլեկտրոնային փոստի համար

Gov.am դոմեյնը պետք է կիրառվի նաև բոլոր պետական ծառայողների, այդ թվում՝ գործակալությունների կամ այլ մարմինների աշխատակիցների էլ․ փոստի հասցեներում նույն տրամաբանությամբ, ինչպես նախարարության պաշտոնական կայքերում:

Օրինակ՝

  • Կառավարության, վարչապետի կամ փոխվարչապետերի աշխատակազմի աշխատակիցների էլ․ փոստի հասցեներ՝ anun.azganun@gov.am
  • Նախարարության աշխատակազմի աշխատակիցների (բացառությամբ նախարարի) էլ․ փոստի հասցեներ՝ anun.azganun@health.gov.am, anun.azganun@hightech.gov.am

Կարևոր է հաշվի առնել օգտատիրոջ կողմից էլ. փոստի հասցեի օգտագործումը պաշտոնը լքելուց հետո, որպեսզի տեղեկատվությունը չկորչի, և ապահովվի գործընթացների շարունակականությունը: Բոլոր նամակները պետք է փոխանցել այն անձին, ով հետագայում զբաղեցնելու է այդ պաշտոնը։ Եթե պաշտոնատար նոր անձը դեռևս նշանակված չէ, ապա պետք է օգտագործվի կենտրոնական փոստարկղ, և նամակները փոխանցվեն այնտեղ:

Սկզբունք 6. Փաստաթղթավորել և հիմնավորել մասնակի բացառությունները

Բացառություններ կարող են արվել այն մարմինների համար, որոնք օրենքով կամ այլ իրավական ակտերով անկախ են Կառավարությունից (համարվում են անկախ մարմին): Նման դեպքերը պետք է հաստատվեն ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

Օրինակ՝

  • Police.am
  • Army.am

Վերևում նկարագրված սկզբունքները պետք է գործեն նաև այս դեպքերում, օրինակ՝

  • Ծառայությունների էջի հղում՝ services.police.am
  • Ոստիկանության աշխատակցի էլ․ փոստի հասցե՝ anun.azganun@police.am