Page contents:
Թղթային ձևից անցումը թվային ձևերին դիտարկեք որպես ձեր կողմից մատուցվող ծառայությունը փոխակերպելու ու բարելավելու հնարավորություն։
Թղթային ձևը կրկնօրինակելն առցանց հարթակում սխալ է։
Առցանց ձևերն անհրաժեշտ է ստեղծել այն ձևաչափով, որով դրանք կիրառվելու են։
Ձևերի թե՛ թղթային, և թե՛ թվային տարբերակները կարող են ունենալ առավելություններ և թերություններ, հետևաբար երկու ձևաչափերն էլ պետք է մշակվեն հատուկ ուշադրությամբ։
Կիրառեք «Թվային ծառայության մակետը»
Առցանց ձևերը կազմելիս և էջերի հերթականությունը սահմանելիս անհրաժեշտ է հետևել «Թվային ծառայության մակետ»-ին, որը պաշտոնական դիզայն-համակարգի մի մասն է և հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա։ Մակետը պետք է կիրառել բոլոր հնարավոր դեպքերում։ Այն ընդգրկում է՝
- «Մինչև սկսելը» էջ, որն օգտատիրոջը տեղեկատվություն է տրամադրում այն մասին, թե ինչ է պետք նախապատրաստել ծառայությունից օգտվելուց առաջ (օրինակ՝ անձնագրի սքանավորված տարբերակ),
- «Քայլ առ քայլ» դիմումի ոչ ծավալուն մեկէջանոց ձևեր,
- «Ամփոփում» էջ, որտեղ ներկայացված են օգտատիրոջ լրացրած բոլոր պատասխանները։ Այս էջում օգտատերը վերջին անգամ ստուգում է տվյալները, անհրաժեշտության դեպքում փոփոխում դրանք և ուղարկում,
- «Հաստատում» էջ, որը հավաստում է, որ առցանց ձևը ստացվել է, առկայության դեպքում ներառում է գործարքի արդյունքը (օրինակ՝ տրամադրվող փաստաթղթեր) և բացատրում հաջորդող քայլերը։ Գործարքի հաստատման դեպքում երբեմն ուղարկվում է նաև հաստատող էլեկտրոնային նամակ։
Հստակեցրեք ձեր հարցերի նպատակը
Նախապես կազմեք այն տեղեկատվության ամբողջական ցանկը, որը ցանկանում եք ստանալ օգտատերերից:
Հարցն ուղղեք միայն այն դեպքում, եթե հստակ գիտեք՝
- տեղեկատվությունն անհրաժեշտ է տվյալ ծառայության մատուցման համար,
- ինչ է պետք անել այդ տեղեկատվությամբ,
- որ օգտատերերից է պետք այն ստանալ,
- ինչպես ստուգել տեղեկատվությունը,
- ինչպես ապահովել տեղեկատվության անվտանգությունն ու արդիականությունը։
Այս հարցադրումները ոչ թե բուն ձևաթուղթն են, այլ թույլ են տալիս հիմնավորել, թե ինչու եք ընտրել հենց այդ հարցերը։ Այդպիսով ավելորդ հարցերը պարզապես դուրս են մղվում առցանց ձևից։
Ձևակերպեք օգտատերերին հասկանալի հարցեր
Օգտատերերին ուղղված հարցերը ճիշտ ձևակերպելը շատ կարևոր է։ Դա նրանց օգնում է հասկանալ, թե ինչ տեղեկատվություն է իրենցից պահանջվում և ինչ նպատակով:
Անհրաժեշտ դեպքերում դուք կարող եք աջակցող տեքստեր կամ սխալի հաղորդագրություններ օգտագործել՝ օգտատերերին ճիշտ ուղղորդելու համար։
Հաշվի առեք, որ օգտատերերին ավելի հեշտ է պատասխանել փակ, քան բաց հարցերին։ Փակ հարցի օրինակ կարող է լինել հետևյալը. «Մեկից ավելի հասցեներո՞ւմ եք բնակվում»: Նույն հարցի բաց տարբերակը հետևյալը կլինի. «Լրացրեք Ձեր բնակության հասցեները»:
Օգտատերերն ավելի հեշտ կպատասխանեն մի քանի պարզ, քան մեկ բարդ հարցի:
Նրանց հնարավորություն տվեք պատասխանելու «Վստահ չեմ» կամ «Չգիտեմ» տարբերակներով, եթե նման պատասխանները ձեզ համար ընդունելի են։
Եթե օգտատերերը մեծ ջանքեր են գործադրում առցանց ձևը հասկանալու համար, անհրաժեշտ է վերաձևակերպել հարցերը, փոփոխել առցանց ձևը կամ դրա ոճը։
Նախ մշակեք հարցեր ամենատարածված իրավիճակների համար
Հարցաշարը հստակեցնելուց հետո կարող եք որոշել դրանց հերթականությունը:
Սկսեք այն հարցերից, որոնք օգտատերերին թույլ կտան հասկանալ՝ ունեն արդյոք այդ ծառայության կարիքը։ Այդպես դուք կխնայեք նրանց ժամանակը:
Օգտագործեք «ճյուղավորված» հարցեր. դրանք օգտատերերին հնարավորություն կտան պատասխանելու միայն իրենց վերաբերող հարցերին:
Դուք պետք է հստակ որոշեք, թե օգտատերերի որ խմբերն են ձեզ համար առաջնային: Համոզվեք, որ գիտեք ձեր օգտատերերի տարբեր խմբերի մոտավոր քանակը և այն, թե ինչ ազդեցություն կունենան ձեր որոշումները նրանց վրա:
Սկսեք «մեկ էջ, մեկ թեմա» ձևաչափով
Ամեն էջում ընգրկեք մեկ միավոր տեղեկություն, օրինակ՝ օգտատիրոջը տրամադրեք՝
- «մեկ տեղեկություն»,
- «մեկ որոշում» կայացնելու հնարավորություն,
- «մեկ հարցի» պատասխանելու հնարավորություն:
Օգտատերերի վարքագծի հետազոտության արդյունքում կարելի է պարզել, թե երբ է անհրաժեշտ էջերը միավորել։ Օրինակ՝ եթե դուք «ադմինիստրատորի էջ (Backend/Ադմին)» եք մշակում, այն կարող է ավելի բարդ կառուցվածք ունենալ։ Դա պայմանավորված է նրանով, որ այդպիսի էջերը նախատեսված են պարբերական օգտագործման համար, և տեղեկատվությունը միավորելու դեպքում օգտատերերն ավելի հեշտ և արագ կկարողանան կողմնորոշվել ինտերֆեյսում:
Ի տարբերություն ադմին էջերի՝ առցանց ծառայությունների դեպքում, երբ օգտատերերը հավանաբար առաջին անգամ են տեսնում էջը, նրանք կցանկանան հնարավորինս արագ լրացնել առցանց ձևը և բարդ ինտերֆեյսին «հարմարվելու» համար ժամանակ չեն ունենա: Ուստի էջերը միավորելու և բարդացնելու կարիք չկա։
Մեկ թեմա ընդգրկող էջերը օգտատերերին թույլ են տալիս՝
- հասկանալ, թե իրենցից ինչ է պահանջվում կատարել,
- կենտրոնանալ կոնկրետ հարցի և դրա պատասխանի վրա,
- ընկալել անծանոթ գործընթացները,
- ծառայությունից օգտվել բջջային հեռախոսով,
- հեշտությամբ ուղղել առցանց ձևերի սխալները:
Ինչպես նաև՝
- օգտատերերի պատասխանները պահպանել քայլ առ քայլ,
- ամեն հարցի շուրջ վերլուծական տվյալներ ստանալ։
Առցանց ձևերը կազմեք օգտատիրոջ տեսանկյունից
Որևէ հարց առաջադրելու համար պետք չէ օգտագործել առցանց ձևի միայն մեկ դաշտ։ Օրինակ՝ ծննդյան տարեթիվը նշելու լավագույն տարբերակը տեքստային 3 դաշտի կիրառումն է (օր, ամիս, տարեթիվ)։
Էջեր վերնագրելիս դուք կարող եք օգտագործել հարց կամ նկարագրություն, օրինակ՝ «Ո՞րն է Ձեր ծննդյան տարեթիվը» կամ՝ «Ծննդյան տարեթիվ»:
Մշտապես կիրառեք հարցեր կամ պնդումներ, որպեսզի օգտատերերը սովորեն հաղորդակցվել հարց-պատասխանների միջոցով։ Դա նրանց թույլ կտա կենտրոնանալ հարցերի բովանդակության, ոչ թե ներկայացման ձևի վրա։
Comments