«Սքրամ» (Scrum)

«Սքրամ»-ը աշխատանքների կազմակերպման ամենակիրառական մեթոդներից է։ Այն թույլ է տալիս մշակել աշխատանքին հարմարեցված մոդել՝ հստակ սահմանված դերերով և գործառույթներով:

Այս մոտեցման դեպքում աշխատանքը բաժանվում է ֆիքսված ժամանակահատվածների, որոնք կոչվում են սպրինտներ (sprints) և սովորաբար տևում են 2-4 շաբաթ: Յուրաքանչյուր սպրինտը բնութագրվում է թիմի սերտ համագործակցությամբ և կարճ ժամանակահատվածներում շոշափելի արդյունքների ապահովմամբ։

Այս մեթոդի առանձնահատկություններն առավել մանրամասն նկարագրված են «Սքրամ»-ի ուղեցույցում, որի հեղինակները «Սքրամ»-ի հիմնադիր-մշակողներ Քեն Շվաբերն ու Ջեֆ Սազերլենդն են:

«Քանբան» (Kanban)

«Քանբան» մեթոդի կիրառության դեպքում համակարգերում ընթացիկ աշխատանքները ներկայացվում են առավել տեսանելի կերպով՝ հիմնվելով թիմի կարողությունների վրա։ «Սքրամ» մեթոդի համեմատ՝ այն չի նախատեսում ժամանակային բաժանումներ։ Այս մեթոդը կենտրոնանում է շարունակական հոսքի և արդյունքների վրա՝ սահմանելով հստակ առաջնահերթություններ: Դա թույլ է տալիս՝

  • հասնել արագ և կանխատեսելի արդյունքների,
  • ծառայության գործարկման վաղ փուլերում ստանալ արձագանքներ և պարզել, թե որքանով է այն գոհացնում օգտատերերին։

Մեթոդի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ՝ «Քանբան» մեթոդի հակիրճ նախաբանը։

«Լին» (Lean)

Ծրագրային ապահովման մշակման «Լին» մեթոդը կենտրոնացած է տնտեսող գործընթացների ստեղծման վրա։ Այս մոտեցման նպատակն է մշտապես բարելավել աշխատանքների արդյունավետությունը, բացահայտել ու վերացնել այն գործընթացները, որոնք հավելյալ արժեք չեն ստեղծում։

«Լին» մեթոդի սկզբունքների նպատակն է թիմի ուշադրությունը կենտրոնացնել հետևյալի վրա՝

  • ռեսուրսների խնայողություն,
  • արագ արդյունքների ապահովում, 
  • գիտելիքների շարունակական կատարելագործում,
  • որոշումների կայացում տվյալների և փաստերի հիման վրա։

Մեթոդին առնչվող ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ՝ The Lean Mindset, The Lean Startup:

Ընդունված մոտեցում է նաև աշխատելը ոչ թե միայն մեկ մեթոդով, այլ համադրելով մի քանիսը։ Դուք կարող եք յուրաքանչյուր մեթոդից ընտրել ձեր թիմի աշխատանքին հարմար գործիքներ և տեխնիկաներ՝ հիմնավորելով դրանց ընտրությունը և կիրառության նպատակը։

Ինչպե՞ս ընտրել աշխատանքային մեթոդ

Եթե ձեր թիմը նոր է սկսում աշխատել ճկուն մեթոդներով, ապա հարմար է կիրառել «Սքրամ»-ը։ Այն կլինի ամենաարդյունավետ մեթոդը, եթե դուք․

  • մշակում եք նոր արտադրանք կամ ծառայություն,
  • բարելավում եք արդեն գոյություն ունեցող արտադրանքի կամ ծառայության որակը,
  • յուրաքանչյուր սպրինտում նոր բաղադրիչներ եք ավելացնում։

Ծառայությունը գործարկելիս հրատապ խնդիրներ առաջանալու պարագայում սպրինտներով աշխատելը կարող է սահմանափակել ձեզ։ Այդ դեպքում ցանկալի է անցնել «Քանբան»-ին, որն ավելի հոսքային է և գործընթացի վրա հիմնված։

Միաժամանակ կարող եք շարունակել «Սքրամ»-ի բազմաթիվ գործընթացների կիրառությունը, ինչպիսին են, օրինակ, ամենօրյա ստենդափ հանդիպումները (Ստենդափ հանդիպումների անցկացման մանրամասները կարող եք գտնել այստեղ․ նյութը ներկայացված է անգլերեն), ռետրոսպեկտիվները (retrospective meetings) և առաջընթացի կանոնավոր վերանայումները:

«Քանբան» մեթոդը օգտակար է կիրառել այն ժամանակ, երբ ձեր թիմին անհրաժեշտ է արագ արձագանքել փոփոխվող առաջնահերթություններին: Այն օգնում է թիմին՝

  • հայտնաբերել գործընթացների խոչընդոտները,
  • վերահսկել կատարված աշխատանքի ծավալը,
  • կանխատեսել աշխատանքի արդյունքը՝ հիմք ընդունելով փաստացի արագությունը։

«Լին» մեթոդը թույլ է տալիս հնարավորինս արագ կենտրոնանալ: Այս մոտեցման գործիքներն ու տեխնիկաները հատկապես օգտակար են, երբ ձեր թիմն առաջին անգամ է բացահայտում օգտատերերի պահանջները և կայացնում է որոշումներ դրանց արձագանքելու վերաբերյալ:  Այս մեթոդը կիրառելիս․

  • կարևորվում են օգտատիրոջ կարիքները,
  • կատարվելիք աշխատանքները պլանավորվում են նախապես,
  • պարբերաբար ներկայացվում են աշխատանքի արդյունքները,
  • անընդհատ բարելավվում է թիմի աշխատանքը,
  • սխալները դիտարկվում են որպես սովորելու հնարավորություն։