Ծառայությունը պետք է կանոնավոր կերպով թեստավորել՝ համոզվելու համար, որ այն․

  • հասանելի է բոլորին հնարավոր բոլոր սարքերով,
  • կայուն է, հուսալի և արագ՝ անկախ օգտատերերի թվից,
  • կարող է արագորեն փոփոխվել՝ օգտատերերի կարիքներին կամ քաղաքական միջավայրի հնարավոր փոփոխություններին զուգահեռ։

Տեխնիկական տարրերից բացի պետք է թեստավորել նաև ծառայությունների օգտագործելիությունը։

Ներգրավեք թիմի բոլոր անդամներին

Համոզվեք, որ թիմի բոլոր անդամները գիտեն, թե ինչպես է անհրաժեշտ՝

  • սահմանել որակի ապահովման նպատակներ և ըստ դրանց՝ գնահատել ծառայության իրականացման ընթացքը, 
  • բացահայտել ծառայության տարբեր խնդիրներն ու ռիսկերը,
  • լուծել այդ խնդիրները և բարելավել ծառայության որակը։

Ինչո՞ւ թեստավորել որակը

Ծառայության որակի գնահատման ամենաարդյունավետ տարբերակը դրա փորձարկումն է ինչպես սովորական, այնպես էլ անսովոր պայմաններում (օրինակ՝ երբ ծառայությունից օգտվում են բազմաթիվ այցելուներ, կամ այն հարձակման է ենթարկվում)։

Որակի թեստավորումն օգնում է՝

  • համոզվել, որ ծառայությունը օգտատիրոջը տալիս է այն, ինչ նրան անհրաժեշտ է,
  • ծառայությունը ստեղծվել է կազմակերպության համար ընդունելի ծախսերով։

Ինչպե՞ս թեստավորել

Ծառայության որակի ապահովումը պետք է կարևորել՝ սկսած բացահայտման փուլից։ Ծառայության ստեղծման փուլում որակի թեստավորումը պետք է հաստատի, որ․

  • կոդն աշխատում է այնպես, ինչպես նախատեսված է,
  • ծառայությունը պաշտպանված է վնասակար հարձակումներից,
  • կոդի փոփոխումը չի խախտի առկա ֆունկցիոնալությունը։

Ինքնաշխատ թեստավորում

Թեստավորումը պետք է հնարավորինս ավտոմատացնել, իսկ թեստավորման փաթեթը գործարկել որպես շարունակական ինտեգրման բաղկացուցիչ, որտեղ թեստերը կոդերի բազայի մի մասն են: Ամեն փոփոխությունը կատարելիս կոդը ավտոմատ ստուգելով՝ դուք ավելի արագ կկարողանաք բացահայտել առկա թերությունները:

Արագ արձագանք ստանալը թույլ կտա․

  • արագ անդրադառնալ ցանկացած խնդրի և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել,  
  • նկատել թերությունները, նախքան դրանք կվերածվեն ավելի մեծ խնդիրների, որոնք ուղղելն ավելի բարդ և ծախսատար կլինի:

Վերանայեք թեստավորման գործընթացը

Թեստավորման գործընթացը պետք է պարբերաբար վերանայել` բարելավման հնարավորությունները բացահայտելու համար։

Թեստավորման տեսակները

Կախված նրանից, թե ինչն եք ստուգում, դուք պետք է թեստավորման տարբեր տեսակներ ընտրեք։

Օրինակ՝

  • բեռնվածության և կատարողականի թեստավորում՝ ստուգելու համար, թե ծառայությունը որքանով է ծանրաբեռնված,  կայուն և արձագանքող,
  • խոցելիության և ներթափանցման թեստավորում՝ համակարգի անվտանգությունը ստուգելու համար,
  • հետազոտական  թեստավորում՝ վրիպակներն ու թերությունները ձեռքով ստուգելու համար,
  • մատչելիության թեստավորում՝ ստուգելու համար, որ բոլորը՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց, կարող են օգտվել ծառայությունից,
  • ընդունում և մոդուլային թեստավորում՝ ստուգելու համար, որ կոդն աշխատում է և կշարունակի աշխատել, ինչպես հարկն է:

Ծառայության որակի ապահովումը մատակարարների հետ աշխատելիս

Ծրագրային պրոդուկտներ կամ ծրագրավորման ծառայություններ գնելիս խորհուրդ է տրվում սահմանել որակի ապահովման մասին դրույթ, ըստ որի՝ մատակարարը․

  • պետք է ապահովի, որ ինքնաշխատ թեստեր հնարավորինս շատ կիրառվեն,  
  • ձեր թիմին պետք է տրամադրի հասանելիություն իր կողմից իրականացվող թեստավորման պլանին,
  • ձեր թիմին հասանելի գործիքի միջոցով պետք է ցուցակագրի իր կողմից իրականացվելիք թեստավորումները,
  • պետք է տեղեկացնի, թե ինչպես է հիմնավորվելու, որ պատրաստված ծրագրային ապահովումը հարմարեցված է ավտոմատացված թեստավորմանը, 
  • պետք է տրամադրի տեղեկատվություն այն մասին, թե ծրագրային ապահովման որ հատվածներն են թեստավորվելու ձեռքով։