Page contents:
Այս ուղեցույցի նպատակն է օգնել ծառայությունը նախագծող թիմերին ճիշտ թեստավորել ծառայության օգտագործելիությունը, ֆունկցիոնալ խնդիրներն ու հնարավորությունները և պատշաճ կերպով գրառել արդյունքները։
Այն պետք է կիրառել թեստավորումներից առաջ նախապատրաստական աշխատանքներ կատարելու, մասնակիցների հետ թեստավորումներ անցկացնելու և դրանց արդյունքներն ամփոփելու համար։
Ստորև ներկայացված են ծառայության օգտագործելիության թեստավորման հերթական քայլերը՝ ըստ վերևում նկարագրված 3 փուլերի։
Ե՞րբ իրականացնել թեստավորում
Թեստավորումներն անհրաժեշտ է իրականացնել՝
- ծառայության նախագծումն սկսելիս,
- ծառայության նախատիպը կազմելուց հետո,
- ծառայության գործարկումից առաջ,
- որոշ պարբերականությամբ՝ ծառայության գործարկումից հետո։
Նախապատրաստական աշխատանքներ նախքան թեստավորումը
Նախապատրաստական աշխատանքները կօգնեն սահմանել թեստավորումների հստակ նպատակները և բացահայտել ծառայության հետ կապված դժվարությունները։
Ընդհանուր հետազոտության նկարագիրը
Այստեղ պետք է ներկայացնեք՝
- որն է ամբողջական հետազոտության նպատակը, որի շրջանակներում իրականացվելու է նաև տվյալ հարցազրույցը,
- որ փուլում է գտնվում նախագիծը,
- օգտատերերի կարիքների բացահայտման փուլի ամփոփ արդյունքները,
- ճանապարհային քարտեզի (roadmap) այն կետերն ու լուծումները, որոնք կօգնեն թեստավորմանը։
Թեստավորման նպատակը
Այստեղ պետք է ներկայացնեք թեստավորման բոլոր նպատակները, օրինակ՝
- հասկանալ, թե որքանով է օգտագործելի ծառայությունը,
- սահմանել այն հիմնական խնդիրները, որոնք խոչընդոտում են ծառայության օգտագործելիությանը,
- մշակել լուծումներ, որոնք կբարելավեն ծառայության օգտագործելիությունը։
Մասնակիցների պրոֆիլները
Այստեղ պետք է նկարագրեք պոտենցիալ մասնակիցների պրոֆիլները, ում հետ ցանկանում եք թեստավորել ծառայությունը, օրինակ՝
- ովքե՞ր պետք է լինեն թեստավորման հնարավոր մասնակիցները,
- քանի՞սը պետք է լինեն նրանք,
- նախկին ի՞նչ փորձառություն պետք է ունենան,
- որքանո՞վ անծանոթ պետք է լինեն թեստավորվող ծառայության հնարավորություններին։
Մասնակիցների հավաքագրման և ընտրման հարցում (Screening Criteria Questions)
Մասնակիցների ընտրանքի կազմման համար գերատեսչության տվյալների շտեմարանից անհրաժեշտ է առանձնացնել թիրախին համապատասխան խմբերին և իրականացնել հարցում, որի արդյունքների հիման վրա կձևավորվի ընտրանքը։ Հաշվի առեք, որ տվյալները պետք է լինեն առավելագույնը 1 տարվա վաղեմության։
Ընդ որում՝ ծառայության թեստավորման համար մասնակիցներին տվյալների շտեմարանից պետք է ընտրել բացառման սկզբունքով՝ չընդգրկելով այն անձանց, ովքեր ծանոթ են տվյալ ծառայությանը։
Այս բաժնում անհրաժեշտ է ներկայացրել հարցումը, ինչպես նաև հարցաշարը և այն պատասխանները, որոնց դեպքում հավաքագրելու եք մասնակիցներին։
Հարցաշարերի օրինակներ կամ դրանց կազմման վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով կարող եք կապ հաստատել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության թիմի հետ հետևյալ հասցեով՝ info@isaa.am:
Հաղորդակցության միջոցներ
Այստեղ նշեք, թե․
- ինչ առցանց հարթակների և գործիքների միջոցով եք գտնելու և հավաքագրելու հետազոտության մասնակիցներին,
- ինչ գործիքով եք անցկացնելու ծառայության թեստավորումը, օրինակ՝ Zoom, Google meet կամ ցանկացած այլ գործիք, որն ունի էկրանը ցուցադրելու հնարավորություն,
- ինչ հարթակ եք օգտագործելու թեստավորման համար (առկայության դեպքում, օրինակ՝ Maze, UserTesting, Hotjar, Userbrain):
Տեխնիկական կարգավորումներ
Օգտագործելիության թեստավորումը կարող է իրականացվել հեռավար կամ մասնակցի ներկայությամբ։
Նախքան թեստավորումն սկսելը հանդիպմանը միանալու հրավեր ուղարկեք մասնակցին՝ նշելով, որ թեստավորման ողջ ընթացքում տեսախցիկը պետք է միացված լինի․ սա կարևոր է, քանի որ պատասխանների ընթացքում դադարների և մասնակցի դիմախաղերի միջոցով կարելի է հասկանալ, թե ինչն է նրա համար բարդ, և ինչպես է նա հաղթահարում այդ դժվարությունը։
Մասնակցին նախապես պետք է տեղեկացնեք նաև, որ թեստավորման ողջ ընթացքը (տեսա)ձայնագրվելու է, իսկ (տեսա)ձայնագրությունը հասանելի է լինելու միայն հետազոտող թիմին՝ հետագա ուսումնասիրության և աշխատանքի վերանայման նպատակով։
Թեստավորման ընթացքը
Այս փուլում ներկայացվում է մանրամասն բացատրություն, թե ինչպես պետք է անցկացվեն թեստավորումները։
Թեստավորման սցենարը
- Ներածություն (տևողությունը՝ ․․․ րոպե)
Ձեր և կազմակերպության մասին. «Ողջույն, շնորհակալություն մեզ այսօր ժամանակ տրամադրելու համար։ Ես …-ն եմ, աշխատում եմ որպես … … կազմակերպությունում, որի գործունեության հիմնական նպատակն է …»
Թեստավորման նպատակն ու ընթացքը․ «Պետք է նշեմ, որ այս ամենի նպատակն է ոչ թե ստուգել Ձեզ և Ձեր պատասխանները, այլ Ձեր պատասխանների միջոցով բացահայտել այն խնդիրները և օգտագործելիության բարդությունները, որոնք ունի ծառայությունը…
Թեստավորումը կտևի մինչև … րոպե։
Մինչ սկսելը խնդրում եմ թույլ տալ (տեսա)ձայնագրել հանդիպումը՝ հետագա ուսումնասիրության և աշխատանքի վերանայման նպատակով, այն հասանելի կլինի միայն … անձանց։
Շնորհակալ եմ թույլտվության համար, տեսաձայնագրումը սկսված է»։
- Կարճ ծանոթություն (տևողությունը՝ ․․․ րոպե)
Ճանաչողական հարցեր, որոնք կօգնեն բացահայտել մասնակցին․ օրինակ՝ «Որպես սկիզբ կցանկանայի լսել Ձեր մասին ևս։
Շնորհակալ եմ Ձեր մասին տեղեկատվություն տրամադրելու համար»։
Նախատիպը փորձարկելու դեպքում նախքան սկսելը մասնակցին տեղեկացրեք, որ ծառայության/էջի որոշ դաշտեր կամ հնարավորություններ կարող են չաշխատել։
Մինչև բուն հարցաշարին անցնելը մասնակցին խնդրեք՝
- պատկերացնել հենց այն իրավիճակը, երբ… (նկարագրեք այն իրավիճակը, որը կօգնի մասնակցին արագ տեղափոխվել թեստավորման իրավիճակ),
- ստուգել և համոզվել, որ իր համակարգչի էկրանին չունի գաղտնի տեղեկատվություն, քանի որ նա պետք է միացնի screen-sharing-ը (էկրանով կիսվելու հնարավորություն)։
Այդ ընթացքում մասնակցին ուղարկեք նախատիպի կամ այն համակարգի հղումը, որը պետք է թեստավորել։
Նախքան հարցաշարին անցնելը պարզեք՝ մասնակիցն արդյոք հարցեր ունի։
Թեստավորման հարցաշարը (տևողությունը՝ ․․․ րոպե)
Առաջադրանքի անվանումը
Այստեղ պետք է ներկայացնել առաջադրանքի նկարագրությունը կամ բուն հարցը, որը պատրաստվում եք տալ մասնակցին։
Օրինակ՝ «Խնդրում եմ գտնել այն հատվածը, որտեղ կարող եք դիմել մայրության նպաստի համար»։
Պատասխան – այստեղ պետք է գրել առաջադրանքի ճիշտ կամ ակնկալվող պատասխանը (այն հասանելի է միայն ձեզ)։
Նկարագրված եղանակով շարունակեք մյուս բոլոր հարցերի կազմումը։
Թեստավորման անցկացման կանոններն են՝
- մասնակցի գործողությունները չդատելը,
- պրոցեսին սկսնակի տեսանկյունից նայելը,
- հետաքրքրասիրությունը,
- լավատեսությունը,
- հարգանքը։
Եթե մասնակցին չի հաջողվում կատարել առաջադրանքը, անցեք հաջորդ հարցին, իսկ եթե դա կապված է նախորդ առաջադրանքի պատասխանից, հուշեք ճիշտ պատասխանը՝ ժամանակը խնայելու և հաջորդ հարցերին անդրադառնալու համար։
Թեստավորման ավարտին մասնակցին տեղեկացրեք իր մասնակցության օգտակարության մասին․ «Շնորհակալ եմ կարծիք հայտնելու և արժեքավոր պատասխանների համար։ Դուք մեզ օգնեցիք առավել ճիշտ կողմնորոշվել մեր հետագա բարեփոխումների հարցում»։
ՈՉ ՊԱՐՏԱԴԻՐ. եթե ունեք հետթեստավորման համար հարցեր, ապա շարունակեք այսպես. «Մեր զրույցից հետո խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի, որոնք ևս կարող են օգտակար լինել մեր հետագա աշխատանքներում։ Դրանք Ձեզանից մեկ կամ երկու րոպե կխլեն»։ Մանրամասները գտեք սույն ուղեցույցի «Թեստավորումից հետո տրվող հարցերի (Post-testing questions) արդյունքների ամփոփում» բաժնում
Թեստավորման արդյունքների համակարգում և վերլուծություն
Այս բաժնում ամփոփվում են թեստավորումների արդյունքները։ Դրանք կարող եք դասակարգել նաև՝ ըստ քանակական տվյալների։ Նշված կետերից ելնելով՝ կազմվում է մանրամասն գործողությունների ծրագիր և սահմանվում են առաջնահերթություններ։
Մասնակիցների դեմոգրաֆիկ պրոֆիլները
Այստեղ ներկայացվում են տեղեկություններ հետազոտության մասնակիցների մասին՝ ընդհանուր վիճակագրությունը, դասակարգումը՝ ըստ մասնակիցների հավաքագրման և ընտրման հարցման արդյունքների, որը նկարագրված է վերևում։
Օրինակ՝
Անուն ազգանուն | Տարիք/սեռ/ազգային պատկանելություն | Կազմակերպության անվանում | Կիրառվող գործիքներ | ․․․ |
Թեստավորումների ամփոփում և տեսաձայնագրություններ
Այստեղ կարող եք ներկայացնել տեղեկատվություն յուրաքանչյուր մասնակցի թեստավորման ամբողջական ընթացքի վերաբերյալ։ Դա կօգնի ստանալ նաև քանակական արդյունքներ։ Նշեք, թե մասնակիցներից քանիսն են կոնկրետ առաջադրանքներ հաջողությամբ կատարել, և քանիսն են ունեցել դժվարություններ։
- Մասնակից X
Առաջադրանքի անվանումը | Առաջադրանքը կատարե՞լ է, թե՞ ոչ | Կարծիքներ, մեջբերումներ | Լուծումներ |
Ոչ պարտադիր դաշտ․ թեստավորումից հետո տրվող հարցերի (Post-testing questions) արդյունքների ամփոփում
Այստեղ կարող եք ներառել այն հարցերը և դրանց արդյունքները, որոնք ուղղել եք մասնակիցներին հանդիպումից հետո։
Դա կարող եք անել պարզ ու մատչելի հարցաշարի միջոցով, որպեսզի ավելորդ ժամանակ չծախսեք և արագ կողմնորոշվեք։ Պատասխանի համար պետք է հատկացնել առավելագույնը 2 րոպե։
Հարցերի օրինակներ․
- «Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր փորձառությունն այս ծառայության թեստավորման ընթացքում»
- «Ի՞նչ դրական կողմեր ունի ծառայությունը Ձեր կարծիքով»
- «Թվարկեք ծառայության բացասական կողմերը»
Գնահատումներ․
- Թեստավորվող ծառայության նախատիպը կամ կայքը հնարավորություն է տալիս անելու այն, ինչ ուզում էի՝ որպես … (Գնահատեք 1-ից 5 բալային սանդղակով, որտեղ 1 գնահատականը համապատասխանում է «Բացարձակապես համաձայն չեմ», իսկ 5-ը՝ «Լիովին համաձայն եմ» պատասխանին)։
- Ծառայությունից օգտվելը հեշտ էր (Գնահատեք 1-ից 5 բալային սանդղակով, որտեղ 1 գնահատականը համապատասխանում է «Չափազանց դժվար էր», իսկ 5-ը՝ «Շատ հեշտ ու մատչելի էր» պատասխանին)։
Հետագա գործողությունները՝ ըստ բիզնես-առաջնահերթությունների
Ըստ հարցազրույցների արդյունքների՝ կազմեք պլանավորվող այն բոլոր գործողությունները (փոփոխությունները), որոնք կարող են հանգեցնել օգտատերերի խնդիրների լուծմանը և նրանց փորձառության բարելավմանը։
Անչափ կարևոր է ստացված արդյունքներով կիսվել թիմի հետ և միասին նախագծել հետագա աշխատանքները։
Հղումով ներկայացնում ենք օգտագործելիության թեստավորման գրանցման ձևաթուղթը, որն անհրաժեշտ է լրացնել հետազոտության ընթացքում։
Comments