Page contents:
Ինչո՞ւ է սա կարևոր
Թվային ծառայության ստեղծումը պետք է սկսել՝ ճանաչելով օգտատերերին և հասկանալով, թե ինչի կարիք նրանք ունեն ծառայությունից օգտվելիս։ Առանց պարզելու, թե ովքեր են նրանք, և ինչ է նրանց անհրաժեշտ, հնարավոր չէ ստեղծել հաջողված թվային ծառայություն:
Դրա համար նախ պետք է ուսումնասիրել օգտատերերից պահանջվող բոլոր հաջորդական քայլերը (օրինակ՝ փաստաթղթերի հանձնման կարգ, պետական մարմիններ կատարվող այցերի թիվ և այլն), ինչը թույլ կտա ապահովել պարզ ու արդյունավետ ծառայություն:
Օգտատերերի կարիքների բացահայտման արդյունքում հայտնի դարձած իրական խնդիրը կարող է տարբերվել այն խնդրից, որը նախանշվել էր ծառայության նախագծման սկզբում: Իսկ պարբերական հետազոտություններ և փորձարկումներ իրականացնելով՝ կնվազեցնեք սխալ և օգտատերերի կարիքներին անհամապատասխան ծառայություն մշակելու հավանականությունը։
Ինչպե՞ս կիրառել
Բացահայտման փուլ
- Թվային ծառայությունը նախագծելուց առաջ կամ առկա ծառայությունը բարելավելու նպատակով վերլուծեք ծառայության ընթացքը և հասկացեք օգտատերերի կարիքները (սա կոչվում է «բացահայտման փուլ»)։ Դրա համար անհրաժեշտ է պարզել՝
- ովքեր են ծառայության օգտատերերը և ինչ են ուզում ստանալ դրանից,
- ինչ գործողություններ են նրանք կատարում ծառայության յուրաքանչյուր փուլում և ինչպես,
- ինչ խնդիրների, խոչընդոտների են հանդիպում և ինչպիսի զգացողություններ են ունենում ծառայությունից օգտվելիս։
- Հետազոտեք առկա նյութերը, օրինակ՝ թեժ գծի զանգերից ստացված տվյալները, համացանցում կամ կայքում օգտատերերի կատարած որոնումների պատմությունը, նախկին հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև ոլորտը կարգավորող օրենսդրությունը։
- Անցկացրեք հարցազրույցներ իրական կամ պոտենցիալ օգտատերերի հետ՝ ուսումնասիրելով նրանց վարքագիծը և պատշաճ կերպով գրառելով նրանց կարիքները։
- Բացահայտեք ոչ միայն թիրախային, այլև մյուս բոլոր օգտատերերի կարիքները։ Հաշվի առեք հատկապես այն օգտատերերին, որոնք լրացուցիչ աջակցության կարիք ունեն, օրինակ` ծեր, հաշմանդամություն ունեցող, այլ անձի անունից ծառայություն իրականացնող (այդպիսիք են հաշվապահները, որոնք կազմակերպության անունից օգտվում են հարկային առցանց ծառայություններից):
- Ծառայության նախագծման և սպասարկման բոլոր փուլերի ընթացքում շարունակաբար բացահայտեք իրական օգտատերերի կարիքները՝ ընթացիկ խնդիրները վերհանելու նպատակով։
Փորձարկման փուլ
- Ծառայության նախագծման ընթացքում որևէ արդյունքի հասնելուց հետո պոտենցիալ օգտատերերի հետ փորձարկեք թվային ծառայության նախատիպերը կամ դրանց վերջնական տարբերակները։
- Նախապես կազմեք փորձարկման պլան, որում ներառված կլինեն փորձարկման նպատակը և հստակ սահմանված առաջադրանքներ փորձարկման ընթացքում օգտատերերին հանձնարարելու համար։
- Ծառայության օգտագործելիությունը փորձարկելիս հնարավորության դեպքում ներգրավեք հաշմանդամություն ունեցող անձանց, ծերերի, այլ անձի անունից ծառայություն իրականացնողների։
- Կազմեք այնպիսի հարցեր, որոնք կօգնեն բացահայտել պրոդուկտի կամ ծառայության հետ կապված խնդիրները և բարելավման հնարավորությունները։
- Ուսումնասիրեք փորձարկման մասնակցի վարքագիծն ու դժվարությունները ծառայությունից օգտվելիս։
- Պատշաճ կերպով գրառեք և ձայնագրեք փորձարկման ընթացքը, արդյունքներով կիսվեք թիմի հետ և ձևակերպեք հետագա քայլերը ծառայության բարելավման ուղղությամբ։
Գործիքներ և ձևանմուշներ
Ձեռք բերվող ծառայության տեխնիկական առաջադրանքում ներառվող տեքստեր՝ թվայնացման ստանդարտների պահանջների բավարարման համար
«Հենակետ» դիզայն-համակարգ
Comments