Page contents:
Ինչո՞ւ է սա կարևոր
Տեխնոլոգիաների ճիշտ ընտրությունից հետագայում մեծապես կախված է լինելու որակյալ ու ապահով ծառայություն ստեղծելու, այն գործարկելու և պարբերաբար բարելավելու հնարավորությունը:
Ինչպե՞ս կիրառել
- Նախքան որևէ տեխնոլոգիա ընտրելը համոզվեք, որ հստակ պատկերացում ունեք այն մասին, թե ինչ խնդիր եք ցանկանում լուծել օգտատերերի համար։ Սովորաբար դա հստակ նկարագրվում է բիզնես մոդելում (Business Case, նյութը ներկայացված է անգլերեն), որը պարզաբանում է՝
- տեխնոլոգիայի անհրաժեշտության հիմնավորումը,
- լուծվող խնդիրը,
- թիրախային օգտատերերի խմբերը,
- հաջողության չափման ցուցանիշները։
- Տեխնոլոգիաների վերաբերյալ որոշումներ կայացնելիս ապահովեք Հայաստանի թվային ճարտարապետության սկզբունքների պահպանումը։
- Կիրառեք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից առաջարկվող ստանդարտ գործիքներն ու մեթոդները, ինչպիսին է, օրինակ, նույնականացման «ԵսԵմ» հարթակը։
- Գնումների գործընթացի կազմակերպման փուլում սահմանեք հիմնական տեխնիկական սկզբունքներ, որոնք թույլ կտան ստեղծված տեխնոլոգիան հետագայում ճկուն ձևով հարմարեցնել տեղի ունեցող փոփոխություններին։
- Կոնկրետ տեխնոլոգիայի ընտրությունը կարող եք թողնել մատակարարների հայեցողությանը, սակայն պետք է հաշվի առնել, թե առաջարկվող տեխնոլոգիայի կիրառման ինչպիսի փորձ կա, արդյոք աշխատաշուկայում առկա են համապատասխան հմտություններ ունեցող մասնագետներ՝ տեխնոլոգիայի հետագա սպասարկումն ապահովելու համար։
- Հաշվի առեք, որ երբեմն կարող է նպատակահարմար լինել ոչ թե ամբողջովին նոր ծրագրակազմի ստեղծումը, այլ պետական տարբեր մարմինների հետ փորձի փոխանակմամբ արդեն պատրաստի (նաև՝ ամպային) լուծումների կիրառումը։
- Իրականացրեք տվյալների ամբողջական քարտեզագրում և դասակարգում Հայաստանի թվային ճարտարապետության սկզբունքների համաձայն՝ ապահովելու համար առավելագույնս համապատասխան տեխնոլոգիաների կիրառումը։
- Ընտրեք այնպիսի տեխնոլոգիա ու գործիքներ, որոնք թույլ կտան ստեղծել և գործարկել ծախսարդյունավետ ծառայություններ (օրինակ՝ գործարքները հնարավորինս ինքնաշխատ դարձնելով)։
- Ծանոթացեք ձեռք բերվող տեխնոլոգիաների ընդհանուր արժեքին՝ հաշվի առնելով դրանց կիրառման ողջ կենսացիկլի ծախսերը 3-5 տարվա կտրվածքով՝ ներառյալ լիցենզիաների և սերվերների պահպանման հետ կապված ծախսերը։ Դրա համար բոլոր հնարավոր դեպքերում անհրաժեշտ է կիրառել ստանդարտ մոտեցումներ՝ նվազեցնելով կախվածությունը որոշակի տեխնոլոգիաների կամ մատակարարների հետ կապված երկարաժամկետ պայմանագրերից։
- Ծառայությունը պետք է տրամադրի API-ներ և անհրաժեշտության դեպքում տեխնիկապես պետք է կարողանա միանալ փոխգործելիության հարթակին։
- Կոդը, դիզայնի ֆայլերը և տեխնիկական մյուս փաստաթղթերը պետք է ամբողջությամբ հասանելի լինեն պետական մարմնին, իսկ SaaS գործիքի կիրառման դեպքում պետք է տրամադրվեն հետագա փոփոխությունների համար անհրաժեշտ բոլոր հրահանգներն ու ուղեցույցները: Ընդ որում՝ փոփոխությունների հետ կապված սահմանափակումները պետք է ներկայացվեն թիմի անդամներին։
Comments