Page contents:
Պետական թվային ծառայություններ ստեղծելու և գործարկելու նպատակով առավել նպատակահարմար է կիրառել նախագծերի կառավարման ճկուն (agile) մեթոդները:
Ճկուն մեթոդները խրախուսում են թիմերին արագ մշակել իրենց արտադրանքը, փորձարկել և պարբերաբար բարելավել այն՝ հիմնվելով օգտատերերի արձագանքների վրա:
Ինչպե՞ս է առաջացել ճկուն (agile) մոտեցումը
Մոտեցումը ստեղծվել է որպես ծրագրակազմերի մշակման այլընտրանքային մեթոդ, իսկ այժմ լայնորեն կիրառվում է նաև տարբեր պրոդուկտների ստեղծման ու նախագծման ընթացքում: Մոտեցման հիմնական սկզբունքները շարադրված են նրա Մանիֆեստում (Agile Manifesto, 2001)։
Ճկուն մոտեցման հիմքում դրված են հետևյալ սկզբունքները․
- անհատներն ու փոխազդեցություններն ավելի կարևոր են, քան գործընթացներն ու գործիքները,
- աշխատող ծրագրակազմն ավելի կարևոր է, քան ծավալուն փաստաթղթերը,
- պատվիրատուի հետ արդյունավետ համագործակցությունն ավելի կարևոր է, քան պայմանագրերի շուրջ երկարատև բանակցությունները,
- փոփոխություններին արձագանքելն ավելի կարևոր է, քան մեկնարկային նախագծին հետևելը։
Ինչո՞վ են ճկուն մեթոդները տարբերվում ավանդական մեթոդներից
Ծրագրային ապահովման ավանդական՝ գծային կամ կասկադային (waterfall) մեթոդների դեպքում ծառայության նախագծման և գործարկման ընթացքը հաջորդական է։ Այն սկսվում է պահանջների սահմանմամբ ու պլանավորմամբ, ինչին հետևում է գնումների գործընթացը: Այնուհետև նախագծվում և մշակվում է ծառայությունը։
Ստեղծված ծառայությունը փորձարկվում և թողարկվում է վերջնական փուլում՝ հետադարձ կապ հաստատելով օգտատերերի հետ։ Արդյունքում միայն նախագիծը թողարկելուց հետո կարելի է բացահայտել, թե ինչքանով է տվյալ ծառայությունը համապատասխանում օգտատերերի կարիքներին։
Ավանդական մեթոդներով աշխատելու դեպքում նախագծի յուրաքանչյուր բաղադրիչի ստեղծման միայն մեկ հնարավորություն կա, ինչի պատճառով անհնար է պարբերաբար վերանայել ու բարելավել ծառայությունը։
Ճկուն մոտեցմամբ աշխատանքային մեթոդների կիրառության դեպքում սկզբունքն այլ է. ծառայության նախագծումն սկսվում է օգտատերերի կարիքների վերհանմամբ։ Ծառայությունը մշակմանը զուգահեռ նաև փորձարկվում է․ այսինքն՝ ծառայությունը նախագծվում է փոքր քայլերով և տարբեր փուլերում մշտապես բարելավվում։
Դուք հետազոտություններ եք կատարում, հավաքում եք տվյալներ, մշակում եք ծառայության նախնական տարբերակ և փորձարկում այն՝ տեղեկանալով օգտատերերի կարիքների մասին, հետո միայն անցնում նախագծման երկրորդ՝ գործնական փուլին:
Ծառայությունը գործարկվում է միայն բավարար արձագանքներ ունենալու դեպքում, որոնք ապացուցում են, որ ստեղծված թվային ծառայությունը գոհացնում է օգտատերերին: Թիմը մշտապես սովորում ու կատարելագործվում է՝ օգտատերերի կարիքները լավագույնս բավարարելու նպատակով:
Ավանդական գծային մոտեցումը կարող է արդյունավետ լինել այնպիսի կառույցներ նախագծելիս, ինչպիսիք են կամուրջները, ճանապարհներն ու շենքերը։ Ծառայությունների մշակման և գործարկման պարագայում այդ մեթոդների արդյունավետությունը նվազում է՝ պայմանավորված տեխնոլոգիական արագ փոփոխություններով: Իսկ պետական ծառայությունները պետք է արագ արձագանքեն գործընթացային փոփոխություններին և հանրության կարիքներին:
Այս առումով գծային մեթոդներ կիրառելիս ծախսվում է երկար ժամանակ՝ մշակելով մի ծառայություն, որն արդյունքում այլևս չի համապատասխանի նոր տեխնոլոգիաներով աշխատանքի պահանջներին և օգտատերերի կարիքներին: Իսկ ճկուն մեթոդներ կիրառելով՝ կարող եք արագորեն կատարել ցանկացած փոփոխություն ինչպես ծառայության մշակման, այնպես էլ նրա գործարկման փուլերում։
Ճկուն մեթոդներ
Գոյություն ունեն մի շարք ճկուն մեթոդներ, որոնք կարող եք կիրառել ձեր ծառայությունը մշակելիս: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր գործիքակազմն ու տեխնիկական առանձնահատկությունները։
Ամենահայտնի 3 մեթոդներն են «Սքրամ»-ը (Scrum), «Քանբան»-ը (Kanban) և «Լին»-ը (Lean), որոնց մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ՝
Ճկուն (agile) մեթոդներ
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում թվային նոր ծառայություններ ստեղծելիս խորհուրդ ենք տալիս աշխատանքները կազմակերպել ճկուն մեթոդներով՝ ընտրելով ձեր թիմի և ծառայության համար ամենահամապատասխանը։
Comments