Ինչո՞ւ է սա կարևոր

Հայաստանի թվային ճարտարապետության սկզբունքների պահպանման նպատակով թվային ծառայությունները պետք է լինեն համահունչ և աշխատեն միասնական մոտեցմամբ՝ դառնալով թվային փոխակերպման և բաց կառավարման կարևոր գործիքներ։ 

Ստանդարտ մոտեցումներով աշխատելու սկզբունքը ներդնելով ծրագրակազմերի, տվյալների և փաստաթղթային ձևաչափերի մշակման գործընթացներում՝ պետական մարմինները կկարողանան․

  • ապահովել համակարգերի փոխգործելիությունը (interoperability),
  • օգտագործել գոյություն ունեցող ծրագրակազմերը և ռեսուրսներ չծախսել արդեն լուծված տեխնիկական խնդիրները լուծելու վրա, 
  • նվազեցնել որևէ մատակարարից կամ տեխնոլոգիայից կախվածությունը, ինչն իր հերթին  թույլ կտա իրավիճակի փոփոխության դեպքում արագ  փոփոխել նաև ընդունված մոտեցումը,  
  • ապահովել հավասար մրցակցային միջավայր ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու մատակարարների համար։ 

Ինչպե՞ս կիրառել

Կարևոր է  նկատի ունենալ, որ տեխնոլոգիաների ոլորտի ստանդարտները միայն կարգավորումներ կամ կանոններ չեն, և «ստանդարտ» եզրույթը կարող է կիրառվել նաև կոդերի պատրաստի և բազմակի օգտագործման բաղադրիչներ նշելիս։  

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը համատեղ մշակել են որոշ ստանդարտներ, որոնք պետք է կիրառվեն նոր ստեղծվող բոլոր ծառայությունների համար։   

Դուք պետք է կիրառեք՝ 

  • Տվյալների քարտեզագրման և դասակարգման մեթոդները թվային ծառայությունները նախագծելու ընթացքում,
  • «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակը՝ օգտատերերին նույնականացնելու նպատակով,
  • «Հենակետ» դիզայն-համակարգը և նրա ձևանմուշները դիզայնի ստեղծման ընթացքում,
  • Փոխգործելիության հարթակը՝ տեղեկատվական համակարգերի միջև տվյալների փոխանակման նպատակով։

Այս էջը պարբերաբար կթարմացվի՝ համալրվելով ստեղծվող նոր ստանդարտներով ու մեթոդներով։    

Գործիքներ և ձևանմուշներ