Page contents:
Ծառայությունը պետք է կանոնավոր կերպով թեստավորել՝ համոզվելու համար, որ այն․
- հասանելի է բոլորին հնարավոր բոլոր սարքերով,
- կայուն է, հուսալի և արագ՝ անկախ օգտատերերի թվից,
- կարող է արագորեն փոփոխվել՝ օգտատերերի կարիքներին կամ քաղաքական միջավայրի հնարավոր փոփոխություններին զուգահեռ։
Տեխնիկական տարրերից բացի պետք է թեստավորել նաև ծառայությունների օգտագործելիությունը։
Ներգրավեք թիմի բոլոր անդամներին
Համոզվեք, որ թիմի բոլոր անդամները գիտեն, թե ինչպես է անհրաժեշտ՝
- սահմանել որակի ապահովման նպատակներ և ըստ դրանց՝ գնահատել ծառայության իրականացման ընթացքը,
- բացահայտել ծառայության տարբեր խնդիրներն ու ռիսկերը,
- լուծել այդ խնդիրները և բարելավել ծառայության որակը։
Ինչո՞ւ թեստավորել որակը
Ծառայության որակի գնահատման ամենաարդյունավետ տարբերակը դրա փորձարկումն է ինչպես սովորական, այնպես էլ անսովոր պայմաններում (օրինակ՝ երբ ծառայությունից օգտվում են բազմաթիվ այցելուներ, կամ այն հարձակման է ենթարկվում)։
Որակի թեստավորումն օգնում է՝
- համոզվել, որ ծառայությունը օգտատիրոջը տալիս է այն, ինչ նրան անհրաժեշտ է,
- ծառայությունը ստեղծվել է կազմակերպության համար ընդունելի ծախսերով։
Ինչպե՞ս թեստավորել
Ծառայության որակի ապահովումը պետք է կարևորել՝ սկսած բացահայտման փուլից։ Ծառայության ստեղծման փուլում որակի թեստավորումը պետք է հաստատի, որ․
- կոդն աշխատում է այնպես, ինչպես նախատեսված է,
- ծառայությունը պաշտպանված է վնասակար հարձակումներից,
- կոդի փոփոխումը չի խախտի առկա ֆունկցիոնալությունը։
Ինքնաշխատ թեստավորում
Թեստավորումը պետք է հնարավորինս ավտոմատացնել, իսկ թեստավորման փաթեթը գործարկել որպես շարունակական ինտեգրման բաղկացուցիչ, որտեղ թեստերը կոդերի բազայի մի մասն են: Ամեն փոփոխությունը կատարելիս կոդը ավտոմատ ստուգելով՝ դուք ավելի արագ կկարողանաք բացահայտել առկա թերությունները:
Արագ արձագանք ստանալը թույլ կտա․
- արագ անդրադառնալ ցանկացած խնդրի և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել,
- նկատել թերությունները, նախքան դրանք կվերածվեն ավելի մեծ խնդիրների, որոնք ուղղելն ավելի բարդ և ծախսատար կլինի:
Վերանայեք թեստավորման գործընթացը
Թեստավորման գործընթացը պետք է պարբերաբար վերանայել` բարելավման հնարավորությունները բացահայտելու համար։
Թեստավորման տեսակները
Կախված նրանից, թե ինչն եք ստուգում, դուք պետք է թեստավորման տարբեր տեսակներ ընտրեք։
Օրինակ՝
- բեռնվածության և կատարողականի թեստավորում՝ ստուգելու համար, թե ծառայությունը որքանով է ծանրաբեռնված, կայուն և արձագանքող,
- խոցելիության և ներթափանցման թեստավորում՝ համակարգի անվտանգությունը ստուգելու համար,
- հետազոտական թեստավորում՝ վրիպակներն ու թերությունները ձեռքով ստուգելու համար,
- մատչելիության թեստավորում՝ ստուգելու համար, որ բոլորը՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց, կարող են օգտվել ծառայությունից,
- ընդունում և մոդուլային թեստավորում՝ ստուգելու համար, որ կոդն աշխատում է և կշարունակի աշխատել, ինչպես հարկն է:
Ծառայության որակի ապահովումը մատակարարների հետ աշխատելիս
Ծրագրային պրոդուկտներ կամ ծրագրավորման ծառայություններ գնելիս խորհուրդ է տրվում սահմանել որակի ապահովման մասին դրույթ, ըստ որի՝ մատակարարը․
- պետք է ապահովի, որ ինքնաշխատ թեստեր հնարավորինս շատ կիրառվեն,
- ձեր թիմին պետք է տրամադրի հասանելիություն իր կողմից իրականացվող թեստավորման պլանին,
- ձեր թիմին հասանելի գործիքի միջոցով պետք է ցուցակագրի իր կողմից իրականացվելիք թեստավորումները,
- պետք է տեղեկացնի, թե ինչպես է հիմնավորվելու, որ պատրաստված ծրագրային ապահովումը հարմարեցված է ավտոմատացված թեստավորմանը,
- պետք է տրամադրի տեղեկատվություն այն մասին, թե ծրագրային ապահովման որ հատվածներն են թեստավորվելու ձեռքով։
Comments