Page contents:
Թվային ծառայություն ստեղծելիս պետական մարմինները պետք է ունենան տարբեր դերեր ընդգրկող թիմեր, որոնք աշխատելու են ճկուն (agile) մեթոդներով: Ծառայությունը նախագծող թիմում պետք է ներգրավված լինեն հետևյալ դերերն ունեցող անձինք․
Դերեր
- Ծառայության պատասխանատու (Product Owner/Service Responsible)
- Օգտատերերին հետազոտող (User Researcher)/ Բիզնես վերլուծաբան (Business Analyst)
- Բովանդակություն մշակող (Content Designer, Content Writer)
- Օգտատիրոջ ինտերֆեյսի և փորձառության դիզայներ (UI/UX Designer)
- Ծրագրավորող (Developer)
- Որակի ապահովման մասնագետ (Quality Assurance Engineer)
- Կիբերանվտանգության մասնագետ (Cyber Security Specialist)
- Տեխնիկական ճարտարապետ (Technical Architect)
- Իրավաբան-փորձագետ (Legal Expert)
Նշված դերերը՝ բացառությամբ ծառայության պատասխանատուից, կարող են ստանձնվել նաև ծրագրակազմը մատակարարող թիմի կողմից։
Նախագծվող ծառայության տեխնիկական բնութագրերը պետք է պարունակեն նաև թիմի անդամներին ուղղված պահանջներ՝ համապատասխան պետական մարմնի հետ սերտորեն համագործակցելու և ճկուն մեթոդներով աշխատելու վերաբերյալ:
Դերերի համառոտ նկարագրություն
Թիմում ներառված բոլոր անդամների վերապատրաստումն անչափ կարևոր է բարձրորակ ծառայության նախագծման, գործարկման և հետագա սպասարկման համար։
Թվայնացման ուղեցույցները մշակող թիմը պատրաստ է տրամադրելու խորհրդատվություն տեղում՝ թիմի անդամներին ծառայության ստեղծման աշխատանքներում աջակցելու նպատակով:
Ծառայության պատասխանատու*
Սովորաբար ծառայության պատասխանատուի դերը ստանձնում է թիմի այն անդամը, որը մեծապես ներգրավված է որակյալ ծառայության ստեղծման գործում, զբաղվում է ոլորտային քաղաքականության մշակմամբ, տեխնիկական բնութագրերի կազմմամբ և լիովին ծանոթ է թվայնացվող ծառայությանը։
Իր աշխատանքի ընթացքում ծառայության պատասխանատուն պետք է համագործակցի քաղաքացիների հետ ուղղակիորեն հաղորդակցվող աշխատակիցների, օրինակ՝ թեժ գծի աշխատանքները համակարգողների հետ։
Ծառայության պատասխանատուն․
- համակարգում է ծառայության նախագծման և մատուցման աշխատանքները,
- ծառայությունների նախագծման և ստեղծման փուլերում սերտորեն համագործակցում է տեխնոլոգիաների մատակարարների հետ,
- ճկուն (agile) մեթոդներով արձագանքում է տեխնոլոգիաների մատակարարների կատարած աշխատանքին և գնահատում այն,
- պատասխանատու է ծառայության գործարկման, բարելավման ու զարգացման համար,
- հետևում է նախագծման ու հաստատման ընթացակարգերի պահպանմանը,
- բացահայտում ու նվազեցնում է նախագծին սպառնացող ռիսկերը,
- միջոցառումներ է ձեռնարկում օգտատերերի առավելագույն ներգրավվածության ապահովման ուղղությամբ,
- ունի բավարար փորձ, որոշումներ կայացնելու լիազորություն և տվյալ նախագծում աշխատելուն հատկացված ժամանակ,
- ծառայությունը ստեղծելուց հետո պատասխանատու է նաև նրա կայուն աշխատանքի և պարբերական բարելավումների համար։
Օգտատերերին հետազոտող / բիզնես վերլուծաբան*
Աջակցում է թվային ծառայության պատասխանատուին տեխնիկական բովանդակություն (technical design document) գրելու, օգտատերերին ուսումնասիրելու հարցում: Դա թույլ է տալիս նախագծել ու ստեղծել այնպիսի ծառայություն, որը մատչելի ու հարմար է բոլորին՝ ներառյալ հաշմանդամություն կամ հատուկ կարիքներ ունեցող օգտատերերին:
Օգտատերերին հետազոտողը պետք է լինի անկախ աշխատակից, իսկ շահերի հնարավոր բախումը պետք է բացառվի։
Օգտատերերին հետազոտողը / բիզնես վերլուծաբանը․
- տարբեր մեթոդներով պլանավորում և իրականացնում է հետազոտություններ, օրինակ՝ թվային ծառայության հնարավոր օգտատերերի հետ վարում է հարցազրույցներ, ծառայության նախնական տարբերակները փորձարկում է օգտատերերի խմբերի հետ՝ ծառայության թիմի համար հետադարձ կապ ապահովելով,
- հետազոտական աշխատանքներում ներառում է նաև թիմի անդամներին՝ օգտատերերին լավագույնս ճանաչելու նպատակով, օրինակ՝ նրանց հրավիրում է հետևելու թվային ծառայության նախնական տարբերակների փորձարկմանը օգտատերերի կողմից,
- հավաքում է հստակ տվյալներ, որոնք թիմին թույլ կտան մշտապես բարելավել ծառայությունը. օրինակ՝ բացահայտում է օգտատերերի համար թվային ծառայության մատուցման ընթացքում առաջացած խնդիրները և լուծումներ փնտրում,
- թվային ծառայության թիմին օգնում է հետազոտել ներկա բիզնես գործընթացները և բացահայտել առկա խնդիրները՝ կատարելով թվայնացման գործընթացների վերլուծություն,
- օգնում է թիմին նախագծել թվայնացմանն ուղղված նոր բիզնես գործընթացներ,
- վերլուծում և քարտեզագրում է ռիսկերը և առաջարկում լուծումներ,
- օգնում է ծառայության պատասխանատուին տեխնիկական պահանջներ գրելու հարցում:
Բովանդակություն մշակող
Այս դերը ստանձնող անձը պատասխանատու է օգտատերերի համար հասկանալի ու մատչելի տեքստային բովանդակության կազմման համար, ինչի արդյունքում թվային ծառայությունից օգտվելը դառնում է հնարավորինս պարզ և զերծ տեխնիկական ու օրենսդրական բարդ ձևակերպումներից։
Բովանդակություն մշակողը․
- ուսումնասիրում է ոլորտը կարգավորող օրենսդրությունը, տեղեկատվությունը շարադրում պարզ ու մատչելի ձևով՝ համաձայն Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցի (WCAG 2.1),
- ապահովում է, որ նկարները, տեքստերն ու տեսահոլովակները ներկայացված լինեն ճիշտ համատեքստում,
- ծառայության էջում օգտատերերի կարիքներին և մատչելիության սկզբունքներին անհամապատասխան բովանդակության առկայության դեպքում տեղեկացնում է ծառայության պատասխանատուին՝ փոփոխելով կամ վերացնելով նման բովանդակությունը։
UI/UX դիզայներ*
Իրականացնում է օգտատերերի հետազոտություն և փորձարկում թվային ծառայության նախատիպերը: UI/UX դիզայները կարող է լինել ինչպես պետական մարմնի թիմի անդամ, այնպես էլ մասնավոր ընկերության ներկայացուցիչ: Կարևոր է, որ տվյալ անձը ունենա փորձառություն մեծ մասշտաբի թվային պրոդուկտների դիզայնի ոլորտում:
UI/UX դիզայները.
- սերտորեն համագործակցում է օգատետերերին հետազոտողի և թվային ծառայության պատասխանատուի հետ՝ դիզայնի նախատիպեր ստեղծելու նպատակով,
- փորձարկման համար ստեղծում է «սեղմելի» նախատիպեր (clickable prototype), որոնք կարող են կիրառվել համապատասխան գործիքներով, օրինակ՝ Adobe XD կամ Figma,
- ապահովում է ստեղծվող ծառայության դիզայնի համապատասխանությունը «Հենակետ» դիզայն-համակարգին:
Ծրագրավորող
Ստեղծում է մատչելի ծրագրակազմ՝ որպես առաջնային նպատակ սահմանելով օգտատերերի կարիքները և ծառայությունից օգտվելու հնարավորությունները։
Ծրագրավորողը.
- կազմակերպում է տեխնիկական հարցերով խորհրդակցություններ՝ լուծումներ գտնելու նպատակով,
- գրում, ադապտացնում և սպասարկում է կոդը DevOps մեթոդաբանությամբ՝ ապահովելով սերտ համագործակցությունը օպերացիոն թիմի հետ (հատուկ դեպքերում՝ կախված իրականացվող ծրագրի թողունակությունից, ծավալներից և ժամկետից՝ թիմում կարող է ընդգրկվել DevOps ինժեների առանձին հաստիք),
- նոր գործիքներով և տեխնիկաներով շարունակաբար կատարելագործում է ծառայությունը,
- լուծում է տեխնիկական խնդիրները,
- խուսափում է տեխնիկական այնպիսի որոշումներ կայացնելուց, որոնք կարող են որևէ մատակարարից կամ տեխնոլոգիայից կախվածություն առաջացնել:
Կիբերանվտանգության մասնագետ
Պատասխանատու է տեղեկատվական համակարգերի անվտանգության ու պաշտպանության համար։
Կիբերանվտանգության մասնագետը․
- ապահովում է ծառայության կոդի աշխատանքի անվտանգությունը,
- ծառայության գործարկումից առաջ և գործարկման ընթացքում պարբերաբար իրականացնում է ծառայության փորձարկումներ և խոցելիության գնահատումներ,
- փորձարկումների և գնահատումների արդյունքների հիման վրա կազմում է հաշվետվություններ,
- հաշվետվություններով կիսվում է նաև տեխնիկական թիմի և ծառայության պատասխանատուի հետ,
- գործողություններ է ձեռնարկում բացահայտված խնդիրների վերացման և ծառայության բարելավման ուղղությամբ։
Որակի ապահովման մասնագետ
Թվային ցանկացած ծառայության բարձր որակի ապահովումը ողջ թիմի պատասխանատվությունն է: Որակի ապահովման մասնագետը կարող է կարճաժամկետ հիմունքներով աշխատել ձեր թիմի հետ՝ ապահովելու կատարվող աշխատանքի և դրա վերջնարդյունքի բարձր որակը:
Որակի ապահովման մասնագետը.
- կազմում է թեստեր (test cases) և իրականացնում թվային ծառայության փորձարկումներ (manual testing),
- հնարավոր դեպքերում կիրառում է ավտոմատացված գործիքներ, օրինակ՝ Cypress, Selenium, Playwright, Appium (նյութերը ներկայացված են անգլերեն),
- փաստաթղթավորում է իր մշակած և իրականացրած թեստավորումների արդյունքները և ապահովում թիմի անդամների հասանելիությունը դրանց,
- ուղղորդում և աջակցում է ծրագրավորողներին՝ բարձր որակ ապահովելու նպատակով:
Տեխնիկական ճարտարապետ
Տեխնիկական ճարտարապետը պատասխանատու է թվային ծառայությունների տեխնիկական ճարտարապետության նախագծման և կառուցման համար:
Տեխնիկական ճարտարապետը.
- ունի ամբողջական պատկերացում պետական մարմնի թվային ծառայությունների մասին,
- ապահովում է «միայն մեկ անգամ» սկզբունքի կիրառումը պետական տարբեր մարմինների պահոցների միջև տվյալների փոխանակման ընթացքում,
- ունի բավարար գիտելիքներ տեխնիկական մանրամասները հնարավոր ծրագրային ապահովման մատակարարների հետ քննարկելու համար,
- իրականացնում է տեխնիկական խնդիրների կառուցվածքային վերլուծություն՝ դրանք վերածելով տեխնիկական նախագծերի,
- բացահայտում է պետական այլ մարմինների հետ փորձի փոխանակմամբ արդեն պատրաստի լուծումների և տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունը։
Իրավաբան-փորձագետ
Թիմում իրավաբան-փորձագետի ներգրավումը կարևոր է, քանի որ նա կօգնի՝
- հասկանալ իրավական սահմանափակումները, որոնց շրջանակում գործելու է թվային նոր ծառայությունը,
- անհրաժեշտության դեպքում առաջարկել օրենսդրական փոփոխություններ:
Իրավաբան-փորձագետը կարող է աշխատել կես կամ ամբողջ դրույքով` կախված նախագծի ծավալներից և ներկա կարիքներից։
Թիմում ներառվող դերերի վերոնշյալ ցանկը վերջնական չէ: Այն կարող է փոփոխվել և համալրվել՝ կախված նախագծի իրականացման փուլերից:
Թիմի ձևավորման և աշխատանքների կազմակերպման գործընթացում ամենակարևորը պետական մարմինների ու մատակարարների համագործակցության ապահովումն է աշխատանքի ճկուն մեթոդներով, ինչը կնպաստի թվային բարձրորակ ծառայության ստեղծմանը:
*Նշված գործառույթների իրականացումը պարտադիր է՝ անկախ թիմում ներգրավված դերերի թվից կամ անվանումից։
Comments