Page contents:
Ի՞նչ է գործընթացի քարտեզագրումը
Գործընթացի քարտեզագրումը տեխնիկա է, որը կիրառվում է աշխատանքի ընթացքը որոշ բիզնես-գործընթացների վերլուծության միջոցով հասկանալու համար: Գործընթացը կարելի է քարտեզագրել տարբեր ճանապարհներով, օրինակ՝ գերատեսչությունների տարբեր թիմերի կամ ստորաբաժանումների ընդգրկմամբ:
Ինչո՞ւ է կարևոր գործընթացի քարտեզագրումը
Այն կարող է օգնել թիմերին՝
- հստակ պատկերացնել, թե իրականում ինչպես է ծառայությունը մատուցվում քաղաքացիներին կամ օգտատերերին,
- բացահայտել բարելավման կարիք ունեցող ոլորտները և ներառել դրանք թվային նոր ծառայությունների նախագծերում:
ՀՀ թվային ծառայություններ նախագծող թիմերի համար գործընթացների քարտեզագրումը կարևոր է, քանի որ այն թույլ է տալիս թվային ծառայությունները դիտարկել «փոխակերպման» համատեքստում՝ բարելավելով աշխատանքի ձևն ու արդյունավետությունը:
Խորհուրդ է տրվում գործընթացների քարտեզագրումն իրականացնել որպես ծրագրային ապահովման տեխնիկական բնութագրերի ստեղծման, այնուհետև՝ կնքվող պայմանագրի մաս: Դա թույլ կտա գործընթացի քարտեզները կիրառել ծառայությունների պարբերական բարելավումների ընթացքում:
Ներկա և բարելավված գործընթացների քարտեզագրում
Գործընթացների քարտեզագրման երկու հիմնական տեսակ կա.
Ներկա գործընթացի քարտեզագրում. ծառայության մատուցման գործընթացի քարտեզագրումն է տվյալ պահին՝ հիմք ընդունելով թիմերի կամ անհատների աշխատանքի ներկա ընթացքը:
Բարելավված գործընթացի քարտեզագրում. ակնկալվող գործընթացի քարտեզագրումն է, որը ենթադրում է ինչպես թվային ծառայության բաղադրիչների բարելավում, այնպես էլ ընթացիկ ծառայության ոչ արդյունավետ բաղադրիչների վերացում:
Գործիքներ և ձևանմուշներ
Բիզնես-գործընթացների մոդելավորման գործիք (գործիքը ներկայացված է անգլերեն)
Comments